14  03  2018

Ռուս պատգամավորը՝ Ադրբեջանին մատակարարվող զենքի և ՀՀ նոր վարչապետի մասին

Ռուս պատգամավորը՝ Ադրբեջանին մատակարարվող զենքի և ՀՀ նոր վարչապետի մասին

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն ընդգծում է, որ Ռուսաստանը չի շարունակի նույն մասշտաբներով սպառազինություն մատակարարել Ադրբեջանին, որը կար մինչև 2016թ. ապրիլյան պատերազմը: Հայաստանի Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը Կոսաչովը նշեց, որ Ռուսաստանը իրականացնում է այն պայմանագրերը, որոնք Ադրբեջանի հետ կնքվել են մինչև 2016թ. ապրիլ:

«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»,- ասաց Կոնստանտին Կոսաչովը:

Անդրադառնալով դիտարկմանը, թե ՌԴ նախագահը Չինաստան կատարած այցելության ընթացքում, մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը, անընդունելի էր համարել հակամարտող երկրին զենք վաճառելը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանը զենք է մատակարարում Ադրբեջանին, Կոսաչևն ասաց. «Վլադիմիր Պուտինը խոսել է այն երկրների մասին, որտեղ հակամարտությունը թեժ փուլում է, որտեղ իսկապես կրակում են, իսկ Ուկրանիայում իսկապես կրակում են: Լեռնային Ղարաբաղում, բարեբախտաբար, այս պահին այդպիսի իրավիճակ չկա»:

Կոնստանտին Կոսաչովը նաև խոսեց ՀՀ ԱԺ-ի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության արդյունավետության մասին և իրենց այցն ու ՀՀ գործընկերների հետ հանդիպումներն էլ արդյունավետ գնահատեց․«Նման ֆորմատի հանդիպումներ մենք ձևավորել ենք ՀՀ Ազգային ժողովի հետ համատեղ տարիների ընթացքում: Այն ապացուցել է իր արդյունավետությունը և լավագույնը լինելը: Մենք նման ֆորմատ չունենք, օրինակ՝ Ադրբեջանի հետ: Եթե համեմատենք մեր շատ մտերիմ դաշնակիցների՝ Բելառուսի, Ղազախստանի հետ՝ պետք է նկատենք, որ Հայաստանի հետ մենք շատ արագ ենք առաջ շարժվում, իսկ դա շատ տրամաբանական է, քանի որ երկու երկրների միջև հարաբերությունները շատ մտերիմ են, երկու երկրների շահերը համընկնում են»։  Նա նաև նշեց, որ Ռուսաստանը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունները Հայաստանի ժողովրդի կամարտահայտության արդյունքն են:

Թե ինչպե՞ս է ՌԴ-ն վերաբերում այն հանգամանքին, որ Սահմանադրական փոփոխությունները կատարվել են գործող նախագահի կառավարումը երկարացնելու համար հարցադրմանը, Կոնստանտին Կոսաչովը պատասխանեց. «ՌԴ-ն չի մեկնաբանում կադրային փոփոխություններ, քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել: Դա Հայաստանի ներքին գործն է, ու ձեր սուվերեն իրավունքը: Վստահ եմ, որ այն կկատարվի ժողովրդավարության սկզբունքի վրա՝ Սահմանադրությանը համապատասխան ու ՌԴ-ն կհարգի այդ ընտրությունը»,- ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ