13  03  2018

Ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի. Վիգեն Սարգսյան

Ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի. Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել Ռազմինֆո-ին՝ խոսելով Հայաստանի ԶՈւ զարգացման յոթնամյա պլանի, «Ազգ-բանակ» հայեցակարգի և մի շարք այլ՝ հանրության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի մասին։

Ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից:

Անցած տարի մեր բոլոր գնումների կտրվածքով ունեցել ենք մոտ 10% խնայողություն, ինչը լուրջ թիվ է։ Ընդ որում՝ դրան չենք հասել ապրանքի տեսականու, քանակների նվազեցման կամ որակի վատթարացման հաշվին։ Եվ այդ խնայողությունն ուղղել ենք զենքի և զինամթերքի լրացուցիչ քանակների, նոր տեսակների ձեռքբերմանը։

Ամռանը կմեկնարկի «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը մեր հարյուրավոր քաղաքացիների համար բուհերում որակյալ անվճար կրթություն և, դրան զուգահեռ, զինվորական մասնագիտություն ստանալու ճանապարհ կբացի։ Կրթված քաղաքացին, բանակ զորակոչվելով սպայի կարգավիճակով, ինքնադրսևորվելու և արդյունքի հասնելու ավելի մեծ հնարավորություններ կունենա։

Օրեր անց կհայտարարվի նոր ծրագրի մասին, որով ավագ դպրոցի ավարտական վկայական ունեցող և ժամկետային զինվորական ծառայությունն անցած քաղաքացիները կկարողանան երկու տարում բարձրագույն սպայական կրթություն ստանալ Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում՝ սովորելով միանգամից 3-րդ կուրսից։ Նրանց չի պարտադրվի զորանոցային կեցություն ռազմական համալսարանում. առավոտյան գալու են դասի, երեկոյան իրենց ժամանակն ազատ տնօրինեն՝ կարողանալով երկու տարում ստանալ բակալավրի դիպլոմ զինվորական մասնագիտությամբ և սպայական կոչում։ Նրանց տրամադրվելու է բարձր կրթաթոշակ, որը թույլ կտա, որ երկու-երեք այդպիսի կուրսանտ միասին բնակարան վարձակալեն Երևանում։

Եվս մեկ արդյունավետ իրականացված ծրագիր էր ողջ զինված ուժերի անցումը քարտային վճարումների համակարգին, ինչն ամբողջությամբ վերացրեց կանխիկ գումարի շրջանառությունը զորքերում։ Դա կարևոր է՝ բազմաթիվ ռիսկերից խուսափելու համար։

Առաջիկայում մենք լրջագույն ուշադրություն ենք դարձնելու զինված ուժերում ավտոմատ կառավարման համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրմանը։ Այդ նպատակով բանակում ձևավորում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների պատասխանատուի (CIO) և իր գրասենյակի ինստիտուտ, որը համակարգելու է ամբողջ համակարգի թվայնացման գործընթացը. զինկոմիսարիատներին տվյալների հետ աշխատելու շատ ավելի արդյունավետ գործիքներ տալուց մինչև հաշավապահական հաշվառում, պահեստների կառավարում, անձնակազմի, զորահավաքային ռեսուրսի հետ աշխատանք և այլն։

Ռազմական կրթության ծրագրերն են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ամբողջական ձևափոխումը, ռազմական երկու բուհերի առաջիկա միավորումը մեկ խոշոր համալսարանական կառույցի մեջ, և բազմաթիվ այլ նախաձեռնություններ, որոնք այժմ մշակման և ներդրման փուլում են։

Եթե մենք խոշորացնում ենք զինկոմիսարիատը, ակնհայտ է, որ յուրաքանչյուր համայնքում պետք է պահենք 2–3 ներկայացուցիչ՝ ի տարբերություն ներկայումս եղած մեծ անձնակազմի, որոնք տեղական ինքնակառավարման մարմիններում բնական կապն են լինելու զինված ուժերի հետ։ Համայնքների խոշորացումը օգնելու է մեզ առավել արդյունավետ կազմակերպել զինկոմիսարիատների աշխատանքը։

Առաջիկա շաբաթներին կառավարությունն ընդունելու է Սիսիանի, Վարդենիսի և Բերդի զինվորական հոսպիտալները տեղի քաղաքացիական հիվանդանոցների հետ միավորելու վերաբերյալ որոշումներ։ Այսօր էլ տեղի բնակիչները դիմում են հոսպիտալներ բուժծառայութուն ստանալու համար, բայց չեն կարող օգտվել, օրինակ՝ պետպատվերից։ Փաստորեն պետպատվերը և որակյալ բուժծառայություն մատուցելու կարողությունը մեկտեղվելու են. էլեկտրոնային առողջապահության համակարգը (որն առողջապահության նախարարությունում խոշոր բարեփոխումներից է), ուղիղ փոխկապակցված է բանակի էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման հետ։

Գումարի հավաքագրումը Ալբերտի մոր խնդրանքով նախաձեռնել է իր ծանոթներից մեկը։ Ես պարզապես օգնել եմ` նվիրաբերելով իմ անձնական միջոցներից և սատարելու կոչ ուղղելով ընկերներիս։ Կարծում եմ՝ կոչս տեղին էր, քանի որ ի տարբերություն նման բազմաթիվ այլ ջանքերի՝ գումարը հավաքվեց հաշված օրերի ընթացքում։ Ընկերներս սատարեցին՝ հավաքելով անհրաժեշտ գումարի զգալի մասը։ Հարյուրավոր ծանոթ և անծանոթ մարդիկ ևս հետևեցին իմ օրինակին։ Եթե համացանցում այդ խնդրի շուրջ բորբոքված մեկնաբանություններ էին անում մի քանի տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը` կեղծ օգտատերեր, ապա իմ կոչին գործնական քայլով` անձնական միջոցներ նվիրաբերելով արձագանքեցին հարյուրավորները։ Անկախ զգացմունքայնությունից` արդյունքն ակնհայտ է։ Եվ կարևորը հենց արդյունքն է։

Անշուշտ, ափսոսում եմ, որ քաղաքական տարաձայնությունները, կամ խնդիրների լուծման շուրջ պատկերացումների բազմազանությունը երբեմն ագրեսիվ և ոչ պատշաճ պահվածքի պատճառ են դառնում։ Առհասարակ, ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմիանց։ Եվ, իհարկե, ափսոսում եմ, որ ինքս ենթարկվեցի սադրանքի և պատասխանեցի իմ կոչին տգեղ մեկնաբանություն նետած քաղաքացուն` իր իսկ բառապաշարով։ Նույն օրը հեռացրեցի այդ գրառումը` համարելով, որ նույնիսկ սոցիալական ցանցի անձնական էջը պետական պաշտոնյայի պարագայում որպես հանրային հարթակ է դիտվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ