01  03  2018

Ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ աղքատության պայմաններում. Արմեն Սարգսյան

Ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն. մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ աղքատության պայմաններում. Արմեն Սարգսյան

Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև՝ մեծագույն պարտավորություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը թևակոխում է զարգացման փուլ՝ անցում կատարելով խորհրդարանական համակարգի: ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ԱԺ-ում իր ելույթը սկսեց այսպես, ապա շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին՝ իրեն առաջադրելու, «Ծառուկյան» խմբակցությանն ու Գագիկ Ծառուկյանին՝ իր թեկնածությանն աջակցելու, իսկ «Ելքի»-ին՝ կոնստրուկտիվ ու պրոֆեսիանալ քննարկումնների համար։

Իր ելույթում Արմեն Սարգսյանը անդրադարձավ 26 տարիների ընթացքում ՀՀ ձեռքբերումներին և մարտահրավերներին: Որպես կարևորագույն ձեռքբերում՝ նա նշեց բանակը, որը իր տեսակով և չափով նույնիսկ քանակով եվրոպական երկրներին չի զիջում:

«26 տարին հաղթանակների և անհաջողությունների տարիներ են եղել, բայց դրանք մեր մեծ հաղթանակի տարիներն են, Արցախյան ազատագրումը, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Ունենք աղքատություն, սոցիալական անհավասարություն, որը մեր բոլորի խնդիրն է: 26 տարիները մեր բոլորի տարիներն են, ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այլև՝ Արցախի ժողովրդի և ողջ Սփյուռքի։ Կարծում եմ՝ հարջորդ 26 տարիները մենք պետք է կառուցենք՝ հիշելով և չմոռանալով այն հաջողությունների բանալին, որ ինքներս ենք հայտնաբերել և չմոռանալով այն դասերը, երբ արել ենք սխալներ, որպեսզի այլևս երբեք չկրկնենք դրանք»:

Նա ընդգծեց, որ պետությունը իրավական ու սոցիալական կարող է դառնալ, երբ իրական երաշխիքներ կապահովվեն՝ «մարդը բարձրագույն արժեք է» սահմանադրական սկզբունքի կենսագործման համար:

«Կոռուպցիան խաթարում է օրինական և բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքը դարձնում առք ու վաճառքի առարկա», - նշեց նա։

Արմեն Սարգսյանն ընդգծեց նաև, որ սոցիալական արդարության պահանջը հասարակության զգայուն մասերից մեկն է.

«Մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ աղքատության պայմաններում։ Ստեղծված իրավիճակի արմատական փոփոխությունը բոլորիս պարտքն է», - ասաց նա՝ հավելելով, որ երազում է, որպեսզի ՀՀ-ն դինամիկ զարգացող ինտելեկտուալ երկիր դառնա։

Արմեն Սարգսյանը անդրադարձավ նաև արտագաղթի խնդրին: « Մարդիկ տեղափոխվում են մի տեղից մյուս տեղը: Արտագաղթ, մարդկանց չես կարող արգելել ճանապարհորդել, գնալ մի տեղից մյուսը: Մեր դեպքում արտագաղթը գերակշռում է ներգաղթին։ Ժողովրդագրական այլ խնդիր էլ ունենք, այս 26 տարվա ընթացքում Հայաստանը կամաց-կամաց վերածվում է մի մեծ մայրաքաղաքի, Հայաստանը սկսում է սեղմվել դեպի Երևան, իսկ Երևանն էլ տնտեսական և զարգացման իմաստով՝ դեպի Երևանի կենտրոն։ Սա մեծ և կարևորագույն խնդիր է, որի նկատմամբ պետք է լուրջ ուշադրություն սևեռել։ Մեր հեռավոր, սահմանամերձ գյուղերը կարոտ են մեր ուշադրությունը, և ծրագրերը պետք է համասեռ բաշխվեն», - ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ