21  02  2018

Ռեյտինգային ընտրակարգը վերացնելու առաջարկը մերժվեց

Ռեյտինգային ընտրակարգը վերացնելու առաջարկը մերժվեց

ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում փետրվարի 21-ին տեղի ունեցավ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հեղինակած ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը: Նրանք փոփոխությամբ առաջարկում են վերացնել ռեյտինգային ընտրակարգը:

Հիմնական զեկուցող` ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում ներկայում գործող ընտրակարգը որևէ այլ երկրում չկա:

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը չհամաձայնեց՝ նշելով, որ տարածված է 20-ից ավելի երկրներում: Նա նշեց, որ այս փուլում այսպիսի փոփոխությանը դեմ է՝պայմանավորված նախկինում ձեռք բերված քաղաքական կոնսենսուսով, որով և ընդունվեց գործող ընտրական օրենսգիրքը: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց քաղաքական կոնսենսուսի մասին հիշեցմանը՝ նշելով, որ եղել է փոխզիջումային տարբերակ:

«ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք այս վարկանիշային տարածքային ցուցակին, ապա իրենք չեն համաձայնվելու ընդդիմության համար անչափ կարևոր երկու լրջագույն սկզբունքներին, այն է ՝տեսանկարահանմանը, և ցուցակների հրապարակմանը: Կիրարկումը ցույց տվեց, որ այս մոդելը մեր քաղաքական մշակույթում ուղղակիորեն չի աշխատում»,-ասաց Զոհրաբյանը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ ժամանակին 4+4+4 ձևաչափով քննարկումների ժամանակ կոնսենսուս չի եղել ընտրական օրենսգրքի և ընտրակարգի շուջ, կոնսենսուս եղել է ԵՄ-ի կողմից հատկացված գումարների ծախսման ուղղությունների շուրջ, որոնք վերաբերել են տեսախցիկներ  տեղադրելուն, անունների ցանկերը հրապարակելուն:

Անդրադառնալով Սահմանադրության համապատասխան դրույթին,ըստ որի ԱԺ ընտրությունները պետք է անցնեն միայն համամասնական ընտրակարգով, Փաշինյանը հեգնանքով նկատեց. «Այն, ինչ գրված է Սահմանադրության մեջ, գիտեն միայն նեղ շրջանակի մարդիկ, ու եթե գրել են «համամասնական», դա դեռ չի նշանակում, որ  նկատի են ունեցել «համամասնական»: Շատ հնարավոր է, որ նրանք նկատի են ունեցել մեծամասնական: Պետք է հետևել մամուլին, որ տեսնենք, թե պարոն Թովմասյանը և ուրիշները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են կարմիր, որովհետև նրանք երբեմն նկատի են ունենում սև, երբեմն նարնջագույն, երբեմն սպիտակ, և երբեմն նույնիսկ բազկաթոռ»:

Ի վերջո նախագիծը ձայների` 5 կողմ, 9 դեմ հարաբերակցությամբ ստացավ բացասական եզրակացություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ