13  02  2018

Ստեփանակերտում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել

Ստեփանակերտում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել

Փետրվարի 13-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին և հանդես եկել ելույթով:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նշել է, որ 1988 թվականը բեկումնային է եղել հայ ժողովրդի պատմության մեջ:

«Երեք տասնամյակ առաջ այս օրերին համայն հայությունը համախմբվեց, դարձավ մի բռունցք՝ ողջ աշխարհին ազդարարելով սեփական բնօրրանում ազատ ու անվտանգ ապրելու համար մաքառելու իր պատրաստակամության մասին: Համաժողովրդական այս պոռթկումը մարտահրավեր էր բռնատիրությանը, հալածանքներին, մարդու իրավունքների խախտումներին, բոլոր այն արհավիրքներին, որոնց միջով անցել է մեր ժողովուրդն իր բազմադարյա պատմության ընթացքում: Եվ այս շարժման պսակը դարձավ հայոց անկախ պետականության վերականգնումը:

Այս գոյապայքարում, դժբախտաբար, մենք ունեցանք նաև անդառնալի կորուստներ: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքն են նվիրաբերել մեր ժողովրդի լավագույն զավակները: Նրանք զոհ չեն, նրանք մարտիրոսված հերոսներ են, ովքեր անմահացան և շարունակում են իրականացնել հայրենիքի պաշտպանի իրենց սուրբ առաքելությունը՝ ոգեշնչելով և պարտավորեցնելով՝ անմնացորդ ծառայել հայրենիքին, աշխատել ի փառս նրա զարգացման ու զորացման: Այս բոլոր տարիների ընթացքում մենք մշտապես զգացել ենք Մայր Հայաստանի հատուկ հոգատարությունն Արցախի նկատմամբ: Անհնարին է պատկերացնել մեր ձեռքբերումներն ու հաղթանակներն առանց ՀՀ գործուն և անմիջական մասնակցության: Այսօր էլ միասին լուծում ենք մեծ ու պատասխանատու խնդիրներ: Բոլորս հաստատակամ ենք և կանենք հնարավորը, որպեսզի վաղվա օրը լինի հուսալի, մեր հայրենիքը՝ ավելի հզոր ու բարեկեցիկ: Հակառակորդը միշտ պետք է իմանա, որ մեզ հետ ուժի լեզվով խոսելը դատապարտված է ձախողման: Մեր ժողովուրդը, մեր բանակը և ողջ հայությունը ցանկացած պահի արժանի հակահարված կտան մեր ազատությանն ու անվտանգությանն սպառնացող յուրաքանչյուր ոտնձգության»,- նշել է Բակո Սահակյանը:

Միջոցառմանը ներկա էին Արցախի Հանրապետության երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախյան շարժման վետերաններ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանի եւ սփյուռքի ներկայացուցիչներ, հյուրեր արտերկրից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ