13  02  2018

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի արարողությունը

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի արարողությունը

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը: Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:

«Հարգելի՛ պարոն նախագահ, տիկի՛ն Ռադևա, Մեկ անգամ ևս ուզում եմ ուրախությունս հայտնել Ձեր այցի կապակցությամբ և գոհունակությամբ արձանագրել, որ Ձեր այցը շատ դրական արձագանք ունի մեր հասարակության մեջ: Եվ սա այն դեպքերից է, երբ հաճելին համատեղվում է օգտակարի հետ. մենք մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք, մյուս կողմից՝ մեր հասարակության արձագանքը, իրոք, խոսում է այն մասին, որ Բուլղարիան և բուլղարացիները մեր ժողովրդի հարգանքն են վայելում: Վստահ եմ, որ երեկ Երևանում ունեցած Ձեր հանդիպումների ժամանակ ևս Դուք տեսել եք այդ վերաբերմունքը, և հուսով եմ, որ արդյունավետ հանդիպումներ են եղել»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ երեկ Երևանում, իսկապես, իրենց զգացել են ինչպես տանը:  «Նույնը կարող եմ ասել նաև Բուլղարիայի կողմից ձեր երկրի և ժողովրդի հանդեպ վերաբերմունքի մասին: Շատ ուրախ եմ, որ կարողացանք ակտիվացնել մեր հարաբերությունները և նոր լիցք հաղորդել դրանց: Շատ կարևոր է լավ մթնոլորտ ստեղծել քաղաքական դաշտում: Ես վստահ կարող եմ ասել, որ երեկ ավելի հաստատակամ դարձա իմ այն զգացողության մեջ, որ մեր ազգերի միջև հարաբերությունները, իրոք, շատ ջերմ են: Հատկապես ուզում եմ նշել Պեյո Յավորովի անվան դպրոցի մասին, որտեղ բավականին ջերմ ընդունելության արժանացանք: Անչափ ուրախ եմ, որ գործարար միջավայրն ավելի կակտիվացնի իր գործունեությունը: Կունենանք ևս երկու հուշագիր, ինչը համագործակցության զարգացման համար մեծ խթան կլինի: Ես մեծ հույսեր եմ կապում հունիսին Բուրգասում կայանալիք գործարար համաժողովի հետ»,- ասել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը:

Մամուլի հաղորդագրությունն ու լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ