12  02  2018

ՀՀԿ-ում գիտեն ում են առաջադրելու, բայց չեն ասի

ՀՀԿ-ում գիտեն ում են առաջադրելու, բայց չեն ասի

Ֆիլմի ավարտը գիտենք, բայց միևնույն է՝ նայում ենք մինչև վերջ. Արմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության մասին

Հայաստանի ապագա վարչապետի հարցը իշխող Հանրապետական կուսակցության ներսում դեռևս չի քննարկվել։ Այդ մասին «Ազատության» եթերում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ միևնույն ժամանակ նշելով՝ ինքը պատրաստ է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Ոչ միայն ես, այլև շատ մարդիկ, պատրաստ են առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնին, բայց նորից կրկնեմ՝ այս հարցը դեռևս կուսակցության ներսում, որը Սահմանադրությամբ լիազորված է վարչապետ առաջադրել, չի քննարկվել, հետևաբար՝ ես հայտնում եմ բացառապես իմ անձնական տեսակետները»,- ասել է Աշոտյանը՝ շարունակելով.- «Բայց մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետևյալ հանգամանքը․ կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանվում, բոլորս գիտենք ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»։

Դիտարկմանը, թե ակնարկն ավելի քան թափանցիկ էր՝ Հանրապետականը վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Աշոտյանն արձագանքել է. «Ակնարկ չէր՝ զուգահեռ էր։ Ես նման բան չասացի, բայց Դուք Ձեր եզրահանգումներում ազատ եք»։

Փետրվարի 22-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձավ Արմեն Աշոտյանի հարցազրույցին՝ նշելով, թե խնդրանքներով կամ հավակնություններով վարչապետ չեն լինում:

«Մենք դեռ չենք անդրադարձել այդ հարցին։ Երբ քննարկումներ կազմակերպենք, ՀՀԿ յուրաքանչյուր անդամ պարտավոր է ենթարկվել քաղաքական ուժի որոշումներին։ Երբ քննարկումներն ավատարվեն, կկայացնենք որոշում ու այդ հարցին կանդրադառնանք։ Իրոք,կա նման ցանկություն, բավականին լրջանում է այդ հարցը, որովհետև մոտենում են օրերը»,- հայտարարեց Վահրամ Բաղդասարյանը։ Ներկայում, ըստ նրա, օրակարգում նախագահի հարցն է, որից հետո նոր կանցնեն վարչապետին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ