10  02  2018

Արամ Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ

Արամ Աթեշյանը կշարունակի պաշտոնավարել որպես պատրիարքական փոխանորդ

Փետրվարի 9-ին Պոլսո պատրիարքարանում տեղի է ունեցել հոգևոր խորհրդի արտահերթ ժողով, որի  ընթացքում որոշվել է, որ Արամ աքեպիսկոպոս Աթեշյանը կշարունակի մնալ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնում:

Նման որոշման կրոնական ժողովը հանգել է օրերս Ստամբուլի նահանգապետարանում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի և պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի անդամների ու հայ համայնքի հիմնադրամների ղեկավարների մասնակցությամբ արտահերթ ժողովից հետո:

Պատրիարքարանի հրապարակած հայտարարությունում կոչ է արվում վերադառնալ 2016 թվականի հոկտեմբերի 26-ի կրոնական ժողովից առաջ եղած վիճակին՝ նշելով, որ պատրիաք Մեսրոպ Մութաֆյանի առողջական խնդիրները բավարար հիմք չեն նրան հանգստի ուղարկելու և նոր պատրիարք ընտրելու համար:

Հիշեցնենք, որ 2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և ձեռնամուխ էր եղել պատրիարքի ընտրությունների կազմակերպմանը։

Այսպիսով՝ 2017 թվականի մարտի 15-ին տեղի ունեցած կրոնական ժողովի շրջանակում Պոլսո պատրիարքի նոր տեղապահի ընտրությունը, որի ժամանակ տեղապահ էր ընտրվել Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չեղարկվում է, ինչպես նաև չեղարկվում են Բեկչյանի տեղապահության օրոք կայացված բոլոր որոշումները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ