18  01  2018

Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն ընտրական օրենսգրքից հանելուն

Կառավարությունը դեմ է ռեյտինգային ցուցակներն ընտրական օրենսգրքից հանելուն

ՀՀ կառավարությունը հունվարի 18-ի նիստում մերժեց փոփոխություն կատարել ընտրական օրենսգրքում: Կառավարությանն էին դիմել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը՝ առաջարկելով տարածքային ցուցակները հանել ընտրական համակարգից:

Գործող ընտրական օրենսգրքով սահմանված դրույթների համաձայն` 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով` կուսակցական ցուցակներով ու 13 ընտրական տարածքների ցուցակներով: Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համա­մաս­­­նական ցուցակը և տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնա­ծու­­ները պետք է լինեն նաև համամասնական ցուցակում, իսկ ընտրողը կարող է որևէ կուսակ­ցու­թյան ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին: Ուստի, ըստ պատգամավորների, նման համամասնական ընտրական համակարգն էականորեն շեղ­ված է մաքուր համամասնական ընտրակարգից և հիմքում իրականում ընկած է թաքն­ված մեծամասնական ընտրակարգը:

2017 թվականի  Ազգային ժողովի  ընտրությունները ցույց տվեցին, որ նման ընտրական համակարգով ընտրություն անցկացնելու միջոցով խոր­հրդա­րանական ընտրությունները ուղղակի ապաքաղաքականացվեցին: Ընտրական պայաքարը ընթացավ ընտրություններին մասնակցող, նույն կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի տարածքային ցուցակներում ընդգրկված թեկնածուների միջև, որտեղ գաղափարա­կան և ծրագրային մրցակցությունը մղվեց երկրորդ պլան: Արդյունքում` ընտրական համա­կար­գը ամբողջությամբ ընտրողի համար դարձավ անհասկանալի և բարդ:

Համաձայն «Ծառուկյան» դաշինքի՝ նման ընտրա­կան համակարգով ընտրություններ անցկացնելը չի բխում ժողովրդա­վարա­կան իշ­խանություն ձևա­վորելու  սկզբունքից: 2017 թվականի ընտրությունների արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ընտրական տարածքներում հիմնականում հաղթել են տա­րած­քա­յին այն թեկնածուները, որոնք իրենց քարոզարշավը կառուցել են բացարձակապես ոչ քա­ղա­քական հենքի վրա: Մրցապայքարը հիմնականում ընթացել է, որպես ռեսուրսների պայ­քար:

Այս ամենից ելնելով՝ առաջարկվում էր Ազգային ժողովի հաջորդ գումարման ընտրություններն անցկացնել պարզ 100% համամասնական ընտրակարգի միջոցով` կուսակցության, կամ դաշինքի մեկ ընդ­հանուր ցուցակով:

Հենց սրան էլ կառավարությունը դեմ է:

Համաձայն գործադիրի հիմնավորման, համամասնական ընտրական համակարգի թերություններից մեկն այն է, որ դրա պայման­նե­րում խզված է ընտրողի և ընտրատարածքի (թեկնածուի) միջև կապը, իսկ մեծամասնական ընտ­րական համակարգի պայմաններում գործ ունեինք անհատի գործոնի ընդգծման հետ: Ուս­տի, ելնելով վերոգրյալ հանգամանքներից, նոր ընտրական օրենսգրքի մշակման հիմքում դրվել է ելակետային այն մոտեցումը, ըստ որի` հնարավոր կլիներ ընդգծել համամասնական ընտ­րական համակարգի առավելությունները` ընտրողին հնարավորություն տալով հասկանալ, թե ում է տալիս իր քվեն, ով է պաշտպանելու իր շահերը օրենսդիր մարմնում: Տարածքային ցուցակում ընդգրկված բո­լոր թեկնածուները ընդգրկված են նաև տվյալ քաղաքական ուժի համապետական ցուցակում, այ­սինքն` օրենսգրքով որդեգրվել է բաց և փակ ցուցակների համադրման գաղափարը, հետևա­բար անկախ այն հանգամանքից` կա տարածքային ընտրական ցուցակ, թե ոչ, տվյալ թեկ­նածուն ներկայացված է քաղաքական ուժի համապետական (համամասնական) ցուցա­կում:

Ըստ կառավարության՝ մտավախությունը վերանում է, թե «նման համամաս­նա­կան ընտրական համակարգը էականորեն շեղված է մաքուր համամասնական համակարգից և հիմքում իրականում ընկած է թաքնված մեծամասնական համակարգը»:

Օրենսգրքում ներդրված մոդելը բաց և փակ ցուցակների համա­դրում է, որը կիրառվում է ավելի քան 15 երկրներում:

Ուստի կառավարությունը համարում է, որ Օրենսգրքով ներդրված մոդելը համա­պա­տաս­խա­նում է միջազգային իրավական չա­փա­նիշ­նե­րին:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ