09  01  2018

Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել. Խոսնակներ

Վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել. Խոսնակներ

Արցախի ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունի հետևանքով հունվարի 4-ին երկու զինծառայող վիարվորվել էին: Զինծառայողներից մեկին հունվարի 9-ին Ստեփանակերտից տեղափոխում են ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Ականապայթյունից վիրավորված մյուս զինծառայողին հունվարի 8-ին էին տեղափոխել Երևան, նրա վիճակը կայուն ծանր է:  ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով երկու զինծառայողների կյանքին էլ վտանգ չի սպառնում: 

Նշենք, որ զինծառայողների վիրավորվելու մասին որևէ պաշտոնական տեղեկատվություն չի եղել ոչ ՀՀ ՊՆ-ի, ոչ էլ ԱՀ ՊՆ-ի կողմից: Դեպքի առթիվ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել։ Գրառման մեջ ասվում է. «Ինձ թվում էր մենք արդեն անցել ենք այս թեման, հաղթահարել ենք այս բարդույթը: ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ տեղեկատվական թափանցիկության հստակ քաղաքականությունը ամեն օր երևում է կոնկրետ քայլերով: Մենք որևէ բան թաքցնելու միտում չունենք և չենք թաքցրել և անտրամաբանական է զինծառայողի զոհվելու փաստը ներկայացնելու օրը մեզ մեղադրել ինչ- որ բան թաքցնելու մեջ: Սակայն նույն ժամանակ վիրավոր զինծառայողների մասին տեղեկատվությունը միշտ չէ, որ հարկավոր է հայտնել: Բազմիցս փաստարկված հիմնավորել ենք, որ եթե զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ապա նպատակահարմար չէ, նրանց վիրավորվելու լուրը հաղորդել և հակառակորդին հստակ փաստ ներկայացնել իր աշխատանքի արդյունավետության մասին, երբեմն նաև այլ բաների մասին ... Սրանից ավել բան չեմ կարող ասել, կարծում եմ մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ մեր իրազեկվածության աստիճանը չպետք է գերազանցի մարտական խնդիրներ կատարող մարդկանց կյանքը վտանգելու աստիճանը»:   

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն էլ Ֆեյսբուքյան  գրառումով մասնավորապես հորդորել էր «երկրի պաշտպանությանը վերաբերող գործընթացների հանդեպ դրսևորել սեփական հետաքրքրությունները ազգային հետաքրքրություններին ստորադասելու գիտակցված կարողություն» և գործել երկիրը պահող զինվորի հոգեբանությամբ:

Հիշեցնենք, որ հակառակորդի կրակոցից հունվարի 7-ին զոհվել էր պաշտպանության բանակի զինծառայող Վաչե Չիլինգարյանը, ունեցել էինք նաև երկու վիրավոր:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ