29  12  2017

Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու, նախագահի թեկնածու չենք առաջադրելու. Գագիկ Ծառուկյան

Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու, նախագահի թեկնածու չենք առաջադրելու. Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը դեկտեմբերի 29-ին Գյումրիում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադարձել է այն հարցին՝ թե արդյոք «Ծառուկյան» դաշինքը պատրաստվում է նախագահի թեկնածու առաջադրել: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:

«Ծառուկյան» դաշինքը երբեք ու երբեք չի պարտվելու: Եթե մեր քանակը այսօր քիչ է, ինչի՞ հիման վրա մենք պետք է դնենք, ուզում եմ մի հատ հասկանամ: Եթե մերը 31 պատգամավոր է՝ հարկավոր է 75-ը, ինչի՞ համար պետք է դնենք: Մենք մեր ծանր տեղը երբեք չենք թեթևացնելու», - հայտարարեց դաշինքի առաջնորդը:

9-հոգանոց «Ելք» ընդդիմադիր խմբակցությունը որոշել է նախագահի թեկնածու առաջադրել պատգամավոր Արտակ Զեյնալյանին և գրավոր դիմել է 31 մանդատ ունեցող «Ծառուկյան» խմբակցությանը՝ առաջարկելով Զեյնալյանի թեկնածության առաջադրման հարցով խորհրդակցություններ անցկացնել: Ծառուկյանը նաև չնշեց, արդյոք իրենք սատարելու են «Ելքի» թեկնածուին, թե ոչ: Միայն ասաց, որ այդ թուղթը դեռ իրեն չի հասել:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը իր միջոցներից Գյումրիին 100 միլիոն դրամ է հատկացրել, որից 50 միլիոնը՝ տնակներում ապրողներին:

«Ցանկացած պետության հարստություն սովորական ժողովուրդն է, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք, որ էդ մարդիկ այսօր մեր հարստությունն են, մեր ուժն են, որ նրանք էլ պետք է կարողանան հույսով հավատով ապրել, իրենց բալիկի առաջ պարզ ճակատով լինեն, գոնե էդ ուրախ տոնը կարողանան լիարժեք ընտանիքով նշել, որ, այո, միս էլ լինի, կարագ էլ լինի, գոնե այդ Նոր տարվա օրը, բայց՝ հույսով հավատով, որ դա լավ է լինելու», - ասել է նա:

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում իր խոստացած 15 միլիարդ դոլարի ներդրումներին՝ Ծառուկյանն ասել է, որ եթե խորհրդարանական ընտրություններին իր ղեկավարած դաշինքին 50 + 1 տոկոս ձայն տային, ապա շատ բան կփոխվեր:

 «Երբ 15 միլիարդի համար ասացին՝ Ծառուկյանը բլեֆ է անում, գումար ներդրողներն ասացին՝ մենք պատրաստ ենք: Համապատասխան՝ դուք գնացիք ձեր ձայնը տվիք ձեր քուչի տղուն, ձեր թաղապետին, ձեր քաղաքապետին, ձեր հեղինակությանը: Հո չե՞մ ասում ընտրությունը կեղծ է եղել, ընտրությունը եղել է նորմալ՝ այսօր արդեն հինգ տարի ձեր արածը պետք է գնաք և ստանաք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ