22  12  2017

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործողությունները կհամակարգի Վաչե Գաբրիելյանը

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման գործողությունները կհամակարգի Վաչե Գաբրիելյանը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգի հիմնական ուղղությունները:

Կառավարությունը հայտնում է, որ, մասնավորապես, արծարծվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանը վերաբերող մի շարք հարցեր:

«Ձևավորվում է միջգերատեսչական հանձնաժողով, որը գլխավորելու է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:  Պետք է կոնկրետ պայմանավորվենք՝ ինչպես ենք շարժվում առաջ և հստակ ֆիքսենք յուրաքանչյուրիս անելիքը», - նշել է վարչապետ Կարապետյանը:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է ըստ ոլորտների նախատեսվող գործողությունների և միջոցառումների ուրվագիծը, իսկ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը զեկուցել է ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգի շրջանակում առաջիկա աշխատանքների և ծրագրերի մասին, որոնք բխում են երկկողմ գործընկերությանը վերաբերող մի շարք հիմնարար փաստաթղթերի տրամաբանությունից:

Վարչապետը հանձնարարել է յուրաքանչյուր գերատեսչության ղեկավարի՝ վերլուծել իր ենթակայության  ոլորտի մասով համաձայնագրով նախատեսվող միջոցառումները, մշակել գործողությունների ծրագիր և դրանց իրականացման ճանապարհային քարտեզ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ