18  12  2017

Ակնկալում ենք ԼՂ խնդրի հանգուցալուծման նոր ազդակ տեսնել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Ակնկալում ենք ԼՂ խնդրի հանգուցալուծման նոր ազդակ տեսնել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը դեկտեմբերի 13-18-ն անցկացվող «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում այցելել է Երևան: Նա դեկտեմբների 18-ին հանդիպել է ԵՊՀ ուսանողների հետ: Նա նշեց, որ լրանում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերության 25-րդ տարին, և դրանք շատ դրական 25 տարիներ էին:

«Մենք գնահատում ենք մեր համագործակցությունը: Հայաստանն առաջին երկիրն է, որը հետևողականորեն խաղաղապահ զորքեր է ուղարկել և՛ Կոսովո, և՛  նաև կարևոր աջակցություն է ցուցաբերել Աֆղանստանում: Մենք այդ գործընկերությունը շատ-շատ գնահատում ենք»,-ասաց նա: Նա նաև խոսեց ՆԱՏՕ-ի գործունեության մասին՝ նկատելով, որ հաճախ մարդիկ մտածում են, որ ՆԱՏՕ-ն ինչ-որ ռազմական բնույթ ունի:

«Բայց  որքան շատ եմ լինում ՆԱՏՕ-ում, այնքան ավելի շատ եմ հասկանում, որ այն պաշտպանական կազմակերպություն է, երկրների դաշնակցություն, որոնք խոսք են տվել միմյանց պաշտպանել ագրեսիայից: Այն նաև կազմակերպություն է, որը ռազմաքաղաքական նշանակություն ունի, այն ռազմաքաղաքական դաշնակցություն է:  Մենք հպարտ ենք, որ պաշտպանում ենք միջազգային իրավունքները, մենք սատարում ենք ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության, մենք աջակցում ենք բոլոր միջազգային իրավունքի սկզբունքները: Մենք հստակորեն աշխատում միջազգային իրավունքի բալանսավորման ենք ճանապարհով»,- ասաց նա:

Գոթեմյոլլերը անդրադարձավ նաև Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշեով, որ հանգուցալուծումը դրական անդրադարձ կունենա նաև ամբողջ տարածաշրջանի վրա: «Ցավում եմ, որ ավելի քան 25 տարի է անցել, սակայն հակամարտությունը դեռևս լուծված չէ: Սա կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար միասին աշխատելու հարցում: Ես գոհ եմ,  որ վերջերս չորս նախարարները միասին հանդիպեցին Վիեննայում, հոկտեմբերին հանդիպեցին նաև նախագահները: Կարծում եմ, որ սա գերազանց է: Ես կարող եմ իմ գոհունակությունը հայտնել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման բարձր մակարդակով ներգրավված է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաև՝ ֆրանսիական կողմի հետ»,- ասաց նա: Նա նշեց, որ ինքը, որպես ՆԱՏՕ-ի նախագահության  ներկայացուցիչ, կարող է ասել, ՆԱՏՕ-ն ճգնաժամը լուծելու հարցում հույս ունի տեսնելու նոր ազդակ:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին ընդունել է նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշել է, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և պարբերական շփումների շարունակականությունը։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ հաջողությամբ իրականացվում է Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների թվով 5-րդ ծրագիրը՝ ընդգծելով Հայաստանում ՆԱՏՕ-ի Վստահության հիմնադրամի գործունեության պրակտիկ իրականացման կարևորությունը: Երկուստեք կարևորվել է Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղության ու կայունության հաստատման՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի հովանո ներքո իրականացվող հավաքական ջանքերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը շնորհակալություն է հայտնել խաղաղապահ գործողություններում Հայաստանի արժեքավոր ներդրման համար։

Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ Հայաստանը, ունենալով անվտանգային լուրջ մարտահրավերներ, իր նպաստն է բերում աշխարհի այլ կետերում անվտանգության ու կայունության պահպանման և ամրապնդման գործին՝ անվտանգության սպառողից վերածվելով անվտանգություն մատակարարողի: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների: ԱԳ նախարարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումները, հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ