16  12  2017

Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան

Մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը. Կարեն Կարապետյան

Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Ողջունելով ՀՀ պատվիրակությանը՝ նախագահ Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա՝ այն համարելով Արցախի Հանրապետության զարգացման ու զորացման կարևորագույն հիմքերից մեկը: ԱՀ նախագահը նշել է, որ այս տարի տնտեսության մեջ բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել՝ ընդգծելով նաև Հայաստանի կառավարության մասնակցությունն այդ ձեռքբերումներում: Նա տեղեկացրել է նաև մի շարք հավակնոտ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում է իրականացնել 2018թ.: 

Նախագահ Սահակյանի խնդրանքով, Կարեն Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Մեղրիում բացված Ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ: Նշելով, որ արդեն մի քանի պայմանագրեր են ստորագրվել ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ՝ Հայաստանի գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ դա չափազանց կարևոր քայլ է, որը մուլտիպլիկատիվ էֆեկտ կունենա: «Այս տարի մենք նույնպես ունենալու ենք որոշակի թվեր, որոնք վկայում են դրական տենդենցի մասին: Իհարկե, դա չի նշանակում, որ անելիքները քիչ են, բայց մենք ունենք հստակ պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնենք մեր տնտեսությունը»,- ասել է ՀՀ վարչապետը: Խոսելով Իրանի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ չնայած այս տարի երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում 9 տոկոս աճ է գրանցվել, սակայն այդ թվերը հեռու են իրական ներուժից: 

ՀՀ վարչապետը և Արցախի նախագահը քննարկել են էներգետիկայի, առողջապահության, տարածքային կառավարման, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցերի լայն շրջանակ՝ կարևորելով այդ համատեքստում փորձի փոխանակումը և ավելի սերտ փոխգործակցությունը համապատասխան գերատեսչությունների միջև:  Զրուցակիցները քննարկել են անվտանգության, մասնավորապես, ԼՂ հիմնախնդրի հետ կապված հարցեր:

Այս մասին հայտնում է կառավարության լրատվականը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ