20  11  2017

Հայրիկյանը հացադուլը հինգ ամիս շուտ է սկսել

Հայրիկյանը հացադուլը հինգ ամիս շուտ է սկսել

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հանրաքվե անցկացնելու գործընթաց այսօր չի կարող իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով ԱԻՄ նախագահի պահանջին և հայտարարած հացադուլին:

Նրա խոսքով, գործող Սահմանադրության 202-րդ հոդվածով սահմանվում է, որ հանրաքվե կարող են նախաձեռնել նաև քաղաքացիական նախաձեռնությամբ՝ 200 հազար քաղաքացիների կողմից, սակայն նույն սահմանադրության անցումային դրույթներում նշվում է, որ այդ դրությը ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը:

«Շատ հստակ նշվում է, որ նշված 15-րդ գլխի իրավադրույթները, որտեղ նաև ամրագրված է քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունքի իրականացումը, ուժի մեջ է մտնում նորընտիր ՀՀ նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը, իսկ մինչ այդ շարունակում են գործել 2005 թ-ի Սահմանադրության դրույթները»,-ասաց Տիգրան Մուկուչյանը՝ հավելելով, որ գործող դրույթներով սահմանադրական նորմերն են՝ Սահմանադրություն ընդունվում կամ դրանում փոփոխություն կատարվում են հանրաքվեի միջոցով` ՀՀ նախագահի կամ ԱԺ նախաձեռնությամբ. «Խնդիրը հետեւյալն է՝ համաձայն Սահմանադրության իրավանորմերի, որտեղ սահմանված է քաղաքացիների կողմից նախաձեռնություն անցկացնելու իրավունք, հստակ է նշված, թե այդ իրավանորմը որ ժամանակային պահից է սկսելու գործել»:

ԿԸՀ նախագահը նշեց, որ Հայրիկյանին տվել են պատասխան, որը միանշանակ համահունչ է եղել այն դիմումին, որը ներկայացվել է ԿԸՀ:

«Բայց եթե դա պաշտոնապես նախաձեռնվում է մեկնարկել, նախ և առաջ պետք է իրավունքը լինի, որ մեկնարկի, եթե չկա, որևէ մեկնարկի մասին խոսք լինել չի կարող: Եթե կլինի օրենքը, կլինի իրավունքի իրացման ամբողջական մեխանիզմը, այդ ժամանակ յուրաքանչյուր ոք, ով ցանկանա իր Սահմանադրության իրավունքից օգտվել՝ կարող է օգտվել»,-ասաց նա և Հայրիկյանին հուշեց՝ իրավական ճանապարհը մեկն է, եթե իրենց պատասխանի մեջ կա անհամաձայնություն, կարող են վիճարկել համապատասխան կարգով:

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանին վրդովվեցրել է ԿԸՀ-ի պատասխանը, որտեղ նշվել է, որ Հայաստանի «Հանրաքվեի մասին» օրենքը չի նախատեսում հանրաքվե նախաձեռնելու համար քաղաքացիական նախաձեռնություն:

Նրա խոսքով, անգամ դպրոցականները գիտեն, որ սահմանադրությունը գերակա է ցանկացած օրենքից, այդ թվում «Հանրաքվեի մասին» օրենքից. «Բոլորս էլ գիտենք, որ Սահմանադրությունն ընդունելուց հետո անցումային դրույթներ կան: Սահմանադրությամբ նախատեսված է, որ երեք նախաձեռնողներ կարող են Սահմանադրական փոփոխությունների կատարել՝ 200 000 քաղաքացիներ, ԱԺ-ն և նախագահը: Սակայն 200 000 քաղաքացիների հնարավոր չէ պատգամավորների նման կես ժամում հավաքել»,-ընդգծեց Հայրիկյանը՝ հավելելով. ««Գոնե ասեր՝ դեռևս այդ դրույթը չի գործում, ուղղակի ցանկացած ուշադրություն հրավիրել խնդրի վրա, որովհետեւ խնդիրը ոչ միայն ամենակարևորն է, այլ համադարման է»:

Անդրադառնալով նրան, թե ինչ սահմանադրական փոփոխությունների մասին է խոսքը, Հայրկյանն ասաց, որ այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը կդառնա քաղաքացիների սեփականությունը, ոչ թե պատահական մարդկանց, օտար գործակալների կամ վզները հաստացրած օլիգարխների:

Հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նոյեմբերի 20-ին հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ` ընդվզելով հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ