14  11  2017

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին Մոսկվա է հրավիրել

Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին Մոսկվա է հրավիրել

Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նոյեմբերի 15-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա:

Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությանը և տարածաշրջանային արդի խնդիրներին:

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում կմասնակցեն «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը, որը նվիրված է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին և Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին:

Նախագահ Սարգսյանը կայցելի նաև Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդարան և Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճար, որտեղ կդիտի «Ռուսաստանում Հայաստանի մշակութային օրերի» շրջանակներում բացված՝ թեմի հիմնադրման 300-ամյակին նվիրված «Բիբլիական երկիր Հայաստան» խորագրով ցուցահանդեսը, կայցելի նաև եկեղեցական համալիրի տարածքում ներկայացված ժամանակակից հայկական խաչքարերի ցուցահանդես:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ