11  11  2017

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը վերահաստատել են իրենց վճռականությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ջախջախելու հարցում:

Այս մասին ասվում է ղեկավարների համատեղ հայտարարությունում, որում նաև նշվում է, որ Մոսկվան ու Վաշինգտոնը համակարծիք են այն հարցում, որ սիրիական հակամարտությունը չունի ռազմական լուծում: Հայտարարությունը տարածվել է Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովի շրջանակում երկու ղեկավարների կարճատև շփումից հետո:

«Թե՛ Պուտինը, թե՛ Թրամփն իրենց հավատարմությունն են վերահաստատել Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնականությանն ու տարածքային ամբողջականությանը»,-նշվում է հայտարարությունում:

Բացի այդ, նախագահները կոչ են արել սիրիական հակամարտության բոլոր կողմերին ակտիվ մասնակցել ժնևյան բանակցություններին, որոնց նպատակը հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելն է: Նախագահները կոչ են արել ՄԱԿ անդամ երկրներին մեծացնել Սիրիայում իրենց ներդրումը հումանիտար կարիքները հոգալու համար:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասնել է, որ համատեղ հայտարարության տեքստը կազմել են երկու երկրների փորձագետները, ինչից հետո փաստաթուղթը համաձայնեցվել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ