09  11  2017

Այս այցին մենք, անկասկած, մեծ ուշադրություն ենք հատկացնում. Մոլդովայի նախագահը Հայաստանում է

Այս այցին մենք, անկասկած, մեծ ուշադրություն ենք հատկացնում. Մոլդովայի նախագահը Հայաստանում է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով նոյեմբերի 9-ին տիկնոջ հետ Հայաստանի Հանրապետություն է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը:

Հանրապետության Նախագահի նստավայրում նախագահ Իգոր Դոդոնին և տիկին Գալինա Դոդոնին դիմավորել են Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո կայացել է նախագահներ Սերժ Սարգսյանի և Իգոր Դոդոնի առանձնազրույցը: Այս մասին հայտնում է նախագահի լրատվականը:

Պաշտոնական այցը կայանում է Հայաստանի և Մոլդովայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: «Դա շատ լավ առիթ է վերլուծելու այն աշխատանքը, որ մենք կատարել ենք այս 25 տարիների ընթացքում և նախանշելու հեռանկարները: Մեր ժողովուրդների միջև կապերը գոյություն ունեն ոչ մեկ հարյուրամյակ, այդ պատճառով էլ մեր միջպետական հարաբերությունները կառուցված են շատ ամուր հիմքի վրա: Ես ուղղակի վստահ եմ, որ Ձեր այցը շատ լավ խթան կհանդիսանա մեր հարաբերությունների ակտիվացման համար: Մենք դրանում շահագրգռված ենք: Մենք շահագրգռված ենք բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, սերտ համագործակցության մեջ: Մենք փոխգործակցության որևէ սահմանափակում չունենք ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահ Դոդոնը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերի համար և իր պաշտոնական այցը համարել պատմական՝ նկատի առնելով, որ անցած 25 տարիների ընթացքում սա Մոլդովայի Հանրապետության նախագահի առաջին այցն է Հայաստան:

«Այս ընթացքում չի եղել ո՛չ աշխատանքային, ո՛չ պաշտոնական այց, այդ իսկ պատճառով, հաշվի առնելով մեր պատմական ընդհանուր կապերը, ընդհանուր շահերը և՛ ԱՊՀ շրջանակներում, և՛ ԱՊՀ տարածքում նոր ինտեգրացիոն նախագծերում, ես որոշում եմ կայացրել գալ: Այս այցին մենք, անկասկած, մեծ ուշադրություն ենք հատկացնում: Այո՛, 25 տարիների ընթացքում մենք շատ համաձայնագրեր ենք ստորագրել: Ունենք տասնհինգ համաձայնագիր, ևս յոթը այժմ պատրաստվում են: Մենք խոսելու բան ունենք, կան որոշակի արդյունքներ, կան, իհարկե, հեռանկարներ: Մեզ հետաքրքրում է, և ես հույս ունեմ շատ մանրակրկիտ Ձեզ հետ քննարկել ձեր աշխատանքի փորձը ԵԱՏՄ շրջանակներում: Գիտեմ, որ մոտակա ժամանակներս ծրագրում եք ստորագրել Եվրոպական միության հետ համագործակցության մասին համաձայնագիր: Կարծում եմ, որ այնպիսի երկրները, ինչպիսիք են՝ Մոլդովան և Հայաստանը, դատապարտված են լավ հարաբերություններ ունենալու բոլորի հետ՝ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի: Մեզ համար՝ Մոլդովայի, ինչպես երբևէ, արդիական է հենց ձեր փորձը՝ և՛ ԵԱՏՄ-ում գտնվելու, և՛ ԵՄ-ի հետ համաձայնագրի: Այս ամենը ցույց է տալիս, որ մենք դուրս ենք գալիս մեր երկկողմ հարաբերությունների նոր մակարդակի»,- ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ