04  11  2017

Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով. Սերժ Սարգսյան

Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:

Հանրապետության Նախագահը ողջույնի խոսք է հղել հանդիպման մասնակիցներին, որում անդրադարձել է հայ-հնդկական պատմամշակութային առնչություններին, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման գործում Հնդկաստանի հայ համայնքի մեծ դերին, Հայաստան-սփյուռք հարաբերություններին, հայրենիքի ու համայն հայության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց դիմակայելու հնարավոր ուղիներին, ինչպես նաև Հայաստանի կյանքում վերջին շրջանում տեղի ունեցած նշանակալի իրադարձություններին:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև համայնքի ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին, լսել նրանց հաջողության պատմությունները, խնդիրները, դրանց լուծման հարցում հայրենիքից ակնկալիքները, ինչպես նաև համայնքային կյանքում նրանց գործունեության մասին:

Հանդիպման ժամանակ Նախագահը նշել է, թե հաճելի է տեսնել, որ հայ համայնքի ներկայացուցիչների հետ ներկա է նաև Երևանի բժշկական համալսարանի շրջանավարտների միության նախագահ դոկտոր Դալջիթ Սինգհ Չաուհանը: Սերժ Սարգսյանը համոզվածություն է հայտնել, որ հայաստանյան բուհերի հնդիկ շրջանավարտների հոծ բազմությունը ևս մի բարեկամության կամուրջ է երկու երկրների միջև, որը պետք է ավելի ամրապնդվի ու ընդլայնվի:

«Բոլոր մարտահրավերներին դիմակայելու, մեր խնդիրները լուծելու ճանապարհին մենք պարտավոր ենք լինել միասնական: Մեր մեծ մտածողները մշտապես խոսել են միասնության մասին, և գաղտնիք չէ, որ մեր ժողովուրդը համարում է, որ մենք միասնական ենք լինում, երբ մեր հայրենիքին, մեր հողին վտանգ է սպառնում: Այսօր մեր խնդիրն է, որպեսզի այդ միասնականությունը տարածենք նաև հարաբերական խաղաղ պայմաններում, որովհետև մեր մարտահրավերները շատ սուր են, և դրանց դիմակայելը ավելի մեծ ջանքեր է պահանջում: Մենք ունենք ուժի մեծ աղբյուր, ունենք միասնության գաղափարը անհրաժեշտ, պարտադիր դարձնելու հանգամանքներ, դրանք են՝ անկախ Հայաստանը, ազատ Արցախը և մեր զորեղ սփյուռքը: Միշտ կրկնում ենք՝ Հայաստանն ուժեղ է սփյուռքով, սփյուռքը հավերժ է Հայաստանով»,-ողջույնի խոսքի ավարտին ընդգծել է Հանրապետության Նախագահը:

Հայ-հնդկական միջպետական հարաբերությունների օրակարգի և զարգացման հեռանկարի, առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցության ներուժի, հայ և հնդիկ ժողովուրդների պատմամշակութային առնչությունների և մի շարք այլ հարցերի շուրջ Նախագահ Սերժ Սարգսյանն նաև հարցազրույց է տվել հնդկական «Դուրդարշան» պետական հեռուստաընկերությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ