03  11  2017

Ադրբեջանն ուզում էր ինձ փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված դիվերսանտների հետ. Ալեքսանդր Լապշին

Ադրբեջանն ուզում էր ինձ փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված դիվերսանտների հետ. Ալեքսանդր Լապշին

Լապշինին ԼՂՀ-ում դատապարտված դիվերսանտների հետ փոխանակելու Բաքվի առաջարկը զայրացրել է անձամբ Լավրովին. Լապշին

Ադրբեջանից վերջերս հեռացած բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հայտարարել է, որ 2017 թվականի փետրվարին Ադրբեջանի իշխանությունները դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով աջակցել բլոգերին Ադրբեջանի երկու քաղաքացիների՝ Արցախում դատապարտված դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի հետ փոխանակման հարցում:

Լապշինի խոսքերով՝ Ադրբեջանը փորձել է շանտաժի ենթարկել Ռուսաստանին՝ նշելով, որ Հայաստանի հետ երկու «դիվերսանտ-զբոսաշրջիկների» արտահանձնման մասին բանակցություններում աջակցությունը կարագացնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի ազատ արձակումը:

«ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան անձի խոսքերով՝ այս իրավիճակը զայրացրել է անձամբ Սերգեյ Լավրովին և արդյունքում Ադրբեջանի այդ առաջարկը մերժվել է: Ռուսներն ընդհանրապես չէին կարող հասկանալ և ընդունել, թե ինչ կապ ունի ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացի Լապշինը ադրբեջանցի դիվերսանտների հետ: Եվ ամենակարևորը՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը, որի քաղաքացի ես չեմ, իմ համար բանտից արտահանձնի մարդասպաններին: Ավելի ուշ իրավիճակը ներկայացվել է Իսրայելի իշխանություններին, որոնք նույնպես վրդովվել են Ադրբեջանի դիրքորոշման կապակցությամբ, բայց ի տարբերություն ՌԴ-ի, դժգոհությունը հրապարակավ չեն հայտնել»,- գրել է Լապշինը:

Լապշինը նշել է, որ ցնցվել է Ադրբեջանի գործողությունների անհեթեթությունից:

«Ես առանց այդ էլ ինձ այնտեղ աֆղանական Թալիբանի պատանդ էի զգում, դրան ավելացան նաև ինձանով առևտուր անելու փորձերը»,- գրել է Լապշինը:

Բլոգերը Ռուսաստանին և Իսրայելին շնորհակալություն է հայտնել սկզբունքայնության համար, իսկ Հայաստանին շնորհակալություն է հայտնել, որ չի տրվել ճնշումներին:

Նշենք նաև, որ Դիլհամ Ասքերովն ու Շահբազ Գուլիևը ԼՂՀ-ում դատապարտվել են ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, հրազեն և զինամթերք կրելու, երկու անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու, ԼՂՀ սահմանն ապօրինի հատելու ԼՂՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Դիլհամ Ասքերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման, իսկ Շահբազ Գուլիևը` 22 տարվա ազատազրկման:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ