01  11  2017

Մոսկվայից առաջիկայում սպասում ենք զենքի նոր խմբաքանակի. Սերժ Սարգսյան

Մոսկվայից առաջիկայում սպասում ենք զենքի նոր խմբաքանակի. Սերժ Սարգսյան

Մոսկվան մոտ ժամանակներս Երևան կմատակարարի զենքի խմբաքանակ՝ գործող պայմանագրի շրջանակում. «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով, 100 միլիոն դոլարի նոր, արդեն ստորագրված վարկային համաձայնագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական մակարդակներում հաստատվելուց հետո: 

2015 թվականի հունիսին ստորագրվել է Ռուսաստանի կողմից Հայաստանին 200 միլիոն դոլարի պետական վարկ տրամադրելու մասին համաձայնագիր՝ ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար: «Մենք արդեն Երևանում ստորագրել ենք նոր պայմանագիր, այն պետք է անցնի բոլոր ռուսական և հայկական ատյանները, այնուհետև՝ վավերացման ընթացակարգը, իսկ արդեն դրանից հետո մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմից համապատասխան արտադրողների հետ այդ ծրագրի իրականացման համար: Դա, ցավոք, այդքան արագ չի ստացվի»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Մոսկվան և Երևանը մշակում են համատեղ ներդրումային հիմնադրամի շրջանակում նախագծերի իրականացման ճանապարհային քարտեզ, միջոցները կարող են ուղղվել այդ թվում տեղեկատվական տեխնոլոգիաների և էներգետիկայի ոլորտում նախագծերի ֆինանսավորմանը: Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման նախագիծը ներկայացվել է 2017 թվականի հունվարի վերջին: Դրա գործունեությունն ուղղված է լինելու ճյուղերի ֆինանսավորմանը, որոնք կարող են ապահովել երկրների միջև ապրանքաշրջանառության աճ, արդյունաբերական համագործակցության զարգացում:

«Վերջերս հիմնադրամի ներկայացուցիչները ժամանել էին Հայաստան: Եթե խոսենք ներդրումների համար ոլորտների մասին, ապա դա ՏՏ-ն է, էներգետիկան, բարձրտեխնոլոգիական արտադրանքը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայաստանի նախագահը նաև ասել է, որ մեր երկիրը պատրաստ է մրցակցել ռուսական շուկա լոլիկի ներկայիս մատակարարների հետ և անգամ ճնշել նրանց: Պտուղբանջարեղենային արտադրանքի ամենախոշոր հայկական արտադրող «Սպայկա» ընկերության տվյալներով՝ 2016-2017 թվականներին Հայաստանից ՌԴ ջերմոցային լոլիկների արտահանումն ավելացել է՝ հասնելով տարեկան 30 հազար տոննայի:

«Հասկանում եք, երբ խնդիրներ են առաջանում ոմանց համար, երբեմն դա մյուսների համար հնարավորություններ է ստեղծում: Հենց դրանից էլ մենք օգտվել ենք անցած տարի: Եվ Ռուսաստանում նույնպես զարգացնում են այդ ճյուղը (լոլիկների աճեցում): Բայց շուկան այնքան մեծ է, որ դերակատարների թվի ավելացումը ոչ մեկին չի խանգարի, դա միայն օգուտ կբերի»,- ասել է ՀՀ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ