27  10  2017

Նոր խառը պատմություններ՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում

Նոր խառը պատմություններ՝ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններում

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի ղեկավար Սարգիս Քյուլեգեչը և խմբի ևս երկու անդամ հրաժարական են տվել: Այս մասին հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Սարգիս Քյուլեգեչը, Անդո Քյոսեդաղը և Խաչիկ Ջանելը հրաժարական են տվել Ստամբուլի նահանգապետարանում Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների վերաբերյալ անցկացված հանդիպումից հետո:

Հանդիպմանը մասնակցել էին Ստամբուլի նահանգապետ Հասիփ Շահինը, Պոլսո Հայոց պատրիարքարանի Եկեղեցական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը, Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն, Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խմբի նախագահ Սարգիս Քյուլեգեչը և Պոլսո պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը:

Հանդիպումն անցկացվել է Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի՝ Գերմանիայում գտնվելու ընթացքում: Նախաձեռնող խմբի անդամների հրաժարականի վերաբերյալ մանրամասներ կամ որևէ բացատրություն առայժմ չի հաղորդվում: Դեռևս օգոստոսին նախաձեռնող խումբը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանի գլխավորությամբ Ստամբուլի նահանգապետարանին է հանձնել պատրիարքի ընտրությունների անցկացման մասին դիմումը՝ առաջարկելով դրանք անցկացնել դեկտեմբերի 13-ին: Նահանգապետարանը պետք է պատասխան հղեր համայնքին մինչև հոկտեմբերի 9-ը, սակայն սպասված պատասխանը մինչ օրս չկա:

Դրանից հետո Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի ղեկավար Պետրոս Շիրինօղլուն հայտարարել էր, որ պետությունն առարկություններ ունի Գարեգին Բեկչյանի անձի ու նախաձեռնող խմբի մի շարք անդամների վերաբերյալ: Ի պատասխան դրա Բեկչյանը նշել էր, որ պետությունն իրենց հետ շփվելու համար միջնորդների կարիք չունի և իր առարկությունները կարող է ներկայացնել բացեիբաց:

Հիշեցնենք, որ 2017թվականի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրություններում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հաղթած Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, չնայած Աթեշյանի ու պետության կողմից միջամտություններին, ստանձնեց Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնը և արդեն ձեռնամուխ է եղել պատրիարքական ընտրությունների կազմակերպմանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ