24  10  2017

Լարվածության պատճառը Ադրբեջանի գործելաոճն է. Լևոն Մնացականյան

Լարվածության պատճառը Ադրբեջանի գործելաոճն է. Լևոն Մնացականյան

Հոկտեմբերի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը, նրա դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և գրասենյակի աշխատակից Մարտին Շուստերը (Գերմանիա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Պատրիկ Ֆառելին (Իռլանդիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին` Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը նշել է, որ ներկայումս իրավիճակը համեմատելու չէ մեկ շաբաթ առաջվա իրադրության հետ:

«Որոշակի լարվածություն կա, և այդ լարվածությունը պայմանավորված է ադրբեջանական կողմից հրադադարի խախտման ռեժիմով»,-ասել է նա՝ պատասխանելով  լրագրողների հարցերին:

Անդրադառնալով Ադրբեջանի դիպուկահարի կողմից հոկտեմբերի 19-ին ՀՀ զինծառայողի խոցելու դեպքին` Լևոն Մնացականյանն ասել է, որ պաշտոնապես մեկ անգամ ևս հայտնում են, որ  ամեն մի քայլի պատասխան տրվելու է և պատասխան եղել է:

Հարցին`ինչո՞վ կարող է պայմանավորված լինել լարվածության աճը, նա պատասխանել է.

 «Մի կողմից դիպուկահարներով, մյուս  կողմից` դա Ադրբեջանի գործելաոճն է` ժամանակ առ ժամանակ լարվածություն մտցնել շփման գծում»:

Ինչ վերաբերում է նրան, թե վերջին շրջանում մեկ օրում երկու զինծառայող է զոհվել` ոչ հակառակորդի գործողությունների հետևանքով, Լևոն Մնացականյանը նշել է, որ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել է քրեական գործ, երկու գործով էլ կան ձերբակալվածներ: Ըստ նախնական տեղեկությունների` պատճառը միջանձնային հարաբերություններն են, և հստակ պատասխան կտա դատաքննությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ