12  10  2017

«Սուրբ տեղը դատարկ չի մնում». ՀԱՊԿ գլխավոր շտաբի հրամանատարը՝ Ադրբեջանի կողմից զենք ձեռք բերելու մասին

«Սուրբ տեղը դատարկ չի մնում». ՀԱՊԿ գլխավոր շտաբի հրամանատարը՝ Ադրբեջանի կողմից զենք ձեռք բերելու մասին

Ադրբեջանը զենք կգներ ուրիշից, եթե այն նրան չվաճառեին ՀԱՊԿ անդամները: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Ես կարծում եմ, որ եթե ինչ-որ պետություններ համագործակցում են, ապա դրա համար կան ինստիտուտներ, որոնք խորապես և լրջորեն գնահատում են իրավիճակը: Ես այնպես եմ հասկանում, որ գլխավոր խնդիրը հավասարակշռության պահպանման մեջ է, հնարավոր է` նաև հակամարտության վերջնական կարգավորման»,- ասել է Սիդորովը:

Նա հույս է հայտնել, որ տարբեր կառույցների գործողությունները, ի վերջո, կհանգեցնեն տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը:

Ըստ Սիդորովի` ռուսական լավ ասացվածք կա` «Սուրբ տեղը դատարկ չի մնում»: «Եթե Ադրբեջանը մտադիր է զենք գնել, ապա կգնի այն»,-ասել է նա:

Անատոլի Սիդորովը նաև տեղեկացրել է, որ Հայաստանում ընթացող «Փոխգործակցություն 2017» զորավարժություններին մասնակցում են նաև ԿԽՄԿ մասնագետները։ Նրա խոսքով` զորավարժությունները գտնվում են ակտիվ փուլում: Պաշտոնյան հայտնել է, որ զորավարժություններին մասնակցում են 2,5 հազար մարդ, 500 միավոր տեխնիկա և ՀԱՊԿ բոլոր երկրների 25 օդաչու սարքեր: Սիդորովը տեղեկացրել է, որ Հավաքական ուժերի զորքերի ղեկավարման նոր սխեման առաջին անգամ սկսել է գործել հենց այդ զորավարժությունների ժամանակ:

Ինչ վերաբերում է ԿԽՄԿ ներկայացուցիչներին, ապա նրանք կաշխատեն բնակավայրում, որը պայմանականորեն գտնվում է հակառակորդի կրակի տակ:

Գործում է ծրագիր` ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը ժամանակակից սպառազինությունությամբ հագեցնելու ուղությամբ:

«Նոր զինամթերքն ու տեխնիկան կփոխարինեն հնին: Աստիճանաբար համալրում է կատարվում: Ներկայումս մեծ ուշադրություն ենք դարձնում հետախուզության և կառավարման միջոցներին»,– ասաց Սիդորովը:

Նա վստահեցրել է, որ ռուսական զորակազմն ապահովված է ժամանակակից սպառազինություներով, ՀԱՊԿ անդամ-պետություններն էլ, այդ թվում՝ Հայաստանը, ևս ունեն ժամանակակից տեխնիկա: «Մանրամասներ չեմ կարող հայտնել, բայց բոլորն էլ անհրաժեշտ, մարտունակ ուժեր ունեն»,– նշել է Սիդորովը:

Հարցին՝ Երևանում ընթացող ՀԱՊԿ զորավարժությունների ժամանակ ներկայացված տեխնիկան մնալո՞ւ է Հայաստանում, Անատոլի Սիդորովը պատասխանել է, որ զենքերը Հայաստանում չեն մնա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ