08  09  2017

«Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացրել

«Ելք» խմբակցությունը ԵՏՄ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացրել

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության նիստը, որի ընթացքում ընդունվել է օրենսդրական նախաձեռնության կարգով «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության Պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» Աժ հայտարարության նախագիծ ներկայացնելու վերաբերյալ որոշումը։

Նախագծի տեքստն այսպիսին է.

  • «Արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ ԵԱՏՄ) միանալու արդյունքում էական հետընթաց է տեղի ունեցել սոցիալ-տնտեսական մի շարք ոլորտներում, ինչպես նաև չի ամրապնդվել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը,
  • Փաստելով, որ ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի,
  • Ընդգծելով, որ ԵԱՏՄ անդամակցության հետևանքով առաջնային անհրաժեշտության և լայն սպառման շուրջ 900 անուն ապրանք Հայաստանի Հանրապետության տարածքում անխուսափելիորեն թանկանալու է,
  • Մտահոգված լինելով, որ ԵԱՏՄ անդամակցությունը սահմանափակում է երրորդ երկրների, այդ թվում անմիջական հարևաններ Վրաստանի և Իրանի, հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունների զարգացմանը,
  • Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ ԵԱՏՄ համաձայնագրով երաշխավորված բազմաթիվ դրույթների խախտմամբ չի ապահովում աշխատուժի, ապրանքների, ֆինանսական միջոցների և ծառայությունների ազատ տեղաշարժը,
  • Հաշվի առնելով, որ ԵԱՏՄ անդամ պետությունները չեն նպաստում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով վերջինիս բանակի տեխնիկայի և հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր և հակամարդկային զինատեսակներ։ Որպես հետևանք՝ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցելուց հետո Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և ծավալներն ավելացել են, և ԼՂ հակամարտության գոտում՝ 1994 թվականի զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից ի վեր հայկական կողմն առաջին անգամ էական տարածքային կորուստներ է ունեցել՝ 2016 թվականի ապրիլյան Քառօրյա պատերազմում,
  • Փաստելով ԵԱՏՄ անդամ երկրներում առկա ավտորիտար ավանդույթների շարունակական ներմուծումը Հայաստանի Հանրապետության քաղաքական համակարգ, քաղաքական և քաղաքացիական ազատությունների սահմանափակումների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտումների աճը ԵԱՏՄ անդամակցությունից հետո և ծայրահեղ վտանգավոր ու անընդունելի համարելով այս գործընթացի հետագա շարունակությունը,
  • Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածի 1-ին մասը՝

 Հայտարարում է՝

Հայաստանի Հանրապետությունը պետք է որդեգրի ԵԱՏՄ-ից հեռանալու քաղաքական ուղեգիծ և Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունն իր մասով դադարեցնելու գործընթաց սկսի»։

Համաձայն «Ելք»-ի՝ դուրս գալով ԵԱՏՄ-ից՝ Հայաստանի Հանրապետությունը կկարողանա լիարժեքորեն ավարտին հասցնել տարիներ ի վեր բանակցված և կիսատ մնացած Եվրոպական Ասոցացման համաձայնագիրը։ Այն հայկական ապրանքների և ծառայությունների արտահանման համար պատուհան կբացի դեպի եվրոպական շուկա և կտա բազմաթիվ այլ առավելություններ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ