29  08  2017

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը՝ Վլադիմիր Պուտինին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի կապակցությամբ:

Համաձայն նախագահի լրատվականի՝ ուղերձում ասված է.

 

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակի առթիվ:

Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին: Այն ամուր հիմք է ծառայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացման համար, որն առանձնանում է բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող համագործակցությամբ: Տարեցտարի ընդլայնվում է երկկողմ փոխշահավետ համագործակցությունը առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, նորարարության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում, իրականացվում են հեռանկարային ներդրումային ծրագրեր, թափ են առնում միջտարածաշրջանային և հումանիտար կապերը:

Մեր երկրների երկկողմ փոխգործակցության ռազմավարական բնույթը բազմապատկվում է միջազգային բազմակողմ և տարածաշրջանային հարթակներում կառուցողական գործընկերությամբ: Երևանն ու Մոսկվան ակտիվ մասնակիցներ և հուսալի դաշնակիցներ են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների առաջմղման մասշտաբային խնդիրների լուծման և Հարավային Կովկասում ու ընդհանուր առմամբ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հանուն խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ամրապնդման գործում:

Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման գործում:

Երկկողմ հարաբերությունների պատմության մեջ բազմաթիվ պայծառ էջեր կան գրանցված, և մենք բարձր ենք գնահատում այդ ընդհանուր ձեռքբերումը: Վստահ եմ, որ այս նշանակալի օրը և մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ամբողջ հոբելյանական տարին կնշանանավորվեն բոլոր ուղղություններով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման համատեղ ջանքերով՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան:

Սրտանց ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ եղբայրական Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն և բարգավաճում»:

 

Սերժ Սարգսյանին էլ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համաձայն Կրեմլի մամուլի ծառայության:

«1997 թվականի պայմանագիրը սկիզբ է դրել Ռուսաստանի և Հայաստանի միջպետական կապերի ժամանակակից փուլին: Այդ կարևոր փաստաթղթի ստորագրումը պայմաններ է ստեղծել քաղաքական երկխոսության ընդլայնման, առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության որակյալ աճի համար»,- ասված է հեռագրում:

Պուտինը բարձր է գնահատել ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը: Մոսկվան և Երևանն արդյունավետ համագործակցում են եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում, համակարգում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովմանն ուղղված ջանքերը:

Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուս-հայկական կապերի ամբողջ համալիրի հետագա զարգացմանն ուղղված ակտիվ համատեղ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ի նպաստ երկու եղբայրական ժողովուրդների:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ