10  08  2017

Երկու թարմ հանձնարարական՝ Կարեն Կարապետյանից



Պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի վերանայման անհրաժեշտություն կա: Այս մասին այսօր կառավարության նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: «Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության կարգի վերաբերյալ: Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել, կամ վարձակաված գույքը հանձնվել է ենթավարձակալության: Առկա է նաև խնդիրների ներդրումային ծրագրերի հսկողության մասով»,- ասաց վարչապետը և Պետական գույքի կառավարման վարչության պետին և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ:

Առաջարկությունների մեջ պետք է անդրադառան նաև հսկողական մեխանիզմներին, ուսումնասիրեն նաև ենթավարձակալության տրամադրման արգելքի սահմանման հնարավորությունը:

Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերում էր գյուղացիական տնտեսություններին աջակցությանը: Կարեն Կարապետյանի խոսքով, գյուղտեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլային ոռոգման համակարգերի տեղադրման, ինչպես նաև այգիների ինտենսիվ հիմնման ու կայացման անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար գոյություն ունեցող մաքսային վճարները կարող են առաջացնել լրացուցիչ բեռ:

Հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս չեն ապահովում շուկայի պահանջները, անհրաժեշտ է այս ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման համար սահմանել ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ:

«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ գյուղատնտեսության և տնտեսական զարգացման նախարարներին, պետական եկամուտների կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմին ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ