22 05 2024

Էրդողանը գոհ է «սահմանազատումից». AlphaNews

Էրդողանը գոհ է «սահմանազատումից».  AlphaNews


Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

««Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գոհ է Բաքվի և Երևանի միջև «խաղաղ գործընթացի դրական զարգացումից»։ Այդ մասին Թուրքիայի ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում։

«Անկարան ուշադիր հետևում է այս գործընթացին», հավելել է նա։ «Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում արդար և տևական խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ու նաև հարևան երկրների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Նա նաև նշել է, որ պետք է դադարեցնել արտաքին ուժերի սադրանքները, որոնք սնվում են տարածաշրջանի անկայունությամբ։ «Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը՝ կայուն խաղաղության հասնելու համար»,- վստահեցրել է Էրդողանը։

Եթե Էրդողանի «քաղաքական լեզվից» թարգմանենք ավելի հասկանալի լեզվի, ապա կհասկանանք, որ Թուրքիան և նրա նախագահը գոհ են Հայաստանի իշխանություններից, որոնք կատարել են Բաքվի և Անկարայի հերթական պահանջը։

Էրդողանի հայտարարությունները, թե Թուրքիան կգործադրի բոլոր ջանքերը կայուն խաղաղության հասնելու համար, և որ արտաքին ուժերի սադրանքները, որոնք սնվում են տարածաշրջանի անկայունությամբ, պետք է դադարեցվեն, վկայում են այն մասին, որ «սահմանազատման» գործընթացը (որն ավելի շատ նման է ՀՀ-ի կողմից միակողմանի զիջումների) շարունակվելու է, և ՀՀ քաղաքացիները պետք է պատրաստվեն նոր տարածքային կորուստների թե՛ Տավուշում, թե՛ Գեղարքունիքում և թե՛ Սյունիքում։

Փաստացի, երկրորդելով Էրդողանի խոսքերին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր չբացառեց, որ 1976-ի քարտեզներով կշարունակվի սահմանազատումը նաև ՀՀ-Ադրբեջան սահմանի ողջ երկայնքով:

Եթե մեկ վայրկյան վստահենք իշխանություններին, նույնիսկ հավատանք նրանց գլխավոր քաղաքական գործընկեր Էրդողանին, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի համար, տրամաբանական կլինի այդ շրջանակներում դրական քայլեր տեսնել Ադրբեջանի կողմից: Օրինակ, «սահմանազատման» հաջորդ փուլը պետք է անցկացվի Ջերմուկում և մենք պիտի տեսնենք, թե ինչպես են ադրբեջանական զորքերը հեռանում 2022 թվականի սեպտեմբերին գրավված դիրքերից։

Ի վերջո, իշխանական քարոզչությունը կառուցում է մի իրականություն, որտեղ այդ «բարի կամքի ժեստի» համար համար ամեն ինչ կա՝ «սահմանազատում» իրականացնելու Երևանի և Բաքվի պատրաստակամությունը, Թուրքիայի հավանությունը, ԱՄՆ-ից մինչև Ֆրանսիա ողջ «քաղաքակիրթ աշխարհի» հավանությունը։ Բա, «զադերժկան» ինչո՞ւմ ա: Ինչո՞ւ Ջերմուկում չի սկսվել «սահմանազատման» գործընթացը, որը պետք է հանգեցնի Ալիևի զորքերի դուրսբերմանը Հայաստանի Հանրապետության տարածքներից։

Իսկ գուցե այս գործընթացը չի՞ սկսվել, որովհետև ոչ ոք չի էլ պատրաստվում սկսել այն, իսկ ՀՀ իշխանությունները միտումնավոր մոլորեցնում են իրենց ընտրողներին։

Մտածե՛ք այդ մասին…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ