14  07  2017

Նոր մանրամասներ ապրիլյան քառօրյա պատերազմից

Նոր մանրամասներ ապրիլյան քառօրյա պատերազմից

Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հարցազրույցին և նոր մանրամասներ ներկայացրել ապրիլյան պատերազմի մասին:

Նա Facebook-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Երեկ Ադրբեջանի ՊՆ Զ. Հասանովը ռուսական «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, բացի այլ հարցերից, անդրադարձել է նաև 2016 թ. չորսօրյա առճակատմանը և, հարևան կոչվող երկրի ագիտպրոպին հարիր «ճարպկությամբ», փորձել կատարվածը միջազգային հանրությանը ներկայացնել այնպես, ինչպես ընդունված է իրենց մոտ, այսինքն՝ ամեն ինչ մատուցել գլխիվայր:

Մասնավորապես նա ասել է հետևյալը. «...Ապրիլյան գործողությունների ժամանակ կիրառվել է մեր բանակի մինչև 15-20 տոկոս ուժերը: Ես անգամ մեր ռեզերվներն ու կենտրոնական ենթակայության հրետանին չեմ մոտեցրել ռազմաճակատին: Իսկ Հայաստանը դրան այնպես է արձագանքել, կարծես թե պատերազմ էր սկսվել: Նրանք մարտի մեջ են մտցրել իրենց ողջ սպառազինությունը: Երեք օր շարունակ նրանք գրոհում էին մեր դիրքերը, չնայած արդեն երկրորդ օրը մենք ինքներս ենք Ռուսաստանի համապատասխան կառույցներին ներգրավել միջնորդական աշխատանքներին...»:

Ավելին, Զաքիր օղլին նաև փորձում է համոզել, որ հայկական կողմն է անցել նախահարձակ գործողությունների, իսկ իրենք այդ ամենին դիմակայելով, հաջողությամբ կատարել են այն մարտական խնդիրը, ինչը դրված է եղել իրենց բանակի առջև...

Դե ինչ, Զաքիրին հակադարձելու և, առավել ևս նրա ագիտպրոպի բարբաջանքները հերքելու ցանկություն երբևէ չեմ ունեցել և հիմա էլ ավելորդ եմ համարում զբաղվել այդ անարդյունք աշխատանքով: Պարզապես, կցանկանայի ներկայացնել այն, ինչ եղել է....»,-գրել է Հասրաթյանն ու մի հատված հրապարակել իր «Ապրիլյան քառօրյա առճակատում» անտիպ փաստավավերագրական մենագրությունից:

Նա, մասնավորապես, ներկայացրել է ապրիլյան պատերազմի մանրամասները, կողմերի զինտեխնիկայի և մարդկային կորուստներն ու հաջողությունները.

«Ապրիլի 2-ից 5-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի միջև անմիջական շփման պայմաններում ծավալված մարտական թեժ գործողությունները և դրան հաջորդած ու մինչև մայիսի սկիզբը տևած ակտիվ հրաձգային, հրթիռահրետանային ու զրահատանկային փոխհրաձգությունները ցույց տվին, որ պաշտոնական Բաքուն ոչ միայն պատրաստ չէ հաշտվելու Արցախյան առաջին պատերազմում կրած պարտության և դրա արդյունքում արձանագրված իրողությունների հետ, այլև, վստահելով տարիներ շարունակ կուտակած իր ռազմական ներուժին, հերթական անգամ փորձեց հիմնախնդրիը հանգուցալուծել ուժային ճանապարհով:

Հակամարտության գոտում հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունից մոտ 22 տարի անց նախաձեռնելով լայնածավալ հարձակում, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը գործողության մեջ դրեց իր տրամադրության տակ եղած ժամանակակից սպառազինության և տեխնիկայի գրեթե բոլոր միջոցները, այդ թվում՝ միջազգային կոնվենցիաներով արգելված զանգվածային ոչնչացման այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Смерч», «Kasirga», «Ураган», «GRADLAR» համազարկային կրակի հեռահար ռեակտիվ համակարգեր, «ТОС-1А» (Солнцепек) համազարկային կրակի ծանր հրանետային համակարգ, իսրայելական արտադրության գրոհային և հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «SPIKE» տիպի հակատանկային կառավարվող հրթիռներ, «МИ-24G» հարվածային ուղղաթիռներ և այլն: Սակայն նման ուժերի և միջոցների ներգրավման արդյունքում հակառակորդն անկարող եղավ հասնելու իր առջև դրված անգամ նվազագույն խնդրի կատարմանը»:

Մանրամասն՝ այս հղումով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ