28 01 2024

Պարտություն ոչ թե բանակն է կրել, այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունը․ Սեյրան Օհանյան

Պարտություն ոչ թե բանակն է կրել, այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունը․ Սեյրան Օհանյան

 

«Արցախի հայաթափումից հետո մեզ անհրաժեշտ է, որ կարողանանք գոտեպնդվել ու ոտքի կանգնել։ Դժվար է՝ այսօր գնահատել բանակի վիճակը։ Այսօրվա իշխանությունները պարտավոր էին պատերազմից հետո ամբողջ թափով վերականգնել բանակի մարտական կարողությունները։ Բայց ակնհայտ է, որ եթե ինչ-որ բան կատարել են, արել են ուշացումով ու թերացումներով»,- բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

Նա ասաց, որ բանակի օրը այլ պայմաններում ենք տոնում, քանի որ 44-օրյա պատերազմից հետո գտնվում ենք հուսահատության մեջ։ «Մեր բանակը կազմավորվել է չափազանց դժվարին՝ պարտադրված պատերազմի, շրջափակման ու երկրաշարժի պայմաններում։ Բայց նույնիսկ այդ պայմաններում մենք կարողացել ենք ֆիդայական ջոկատներից կանոնավոր բանակ կառուցել ու հասնել հաղթանակների։ Միասնականությունը ու բարոյահոգեբանական ոգին այն գործոններն են, որոնց շնորհիվ կարող ենք հասնել  հաղթանակների, բայց այս իշխանությունների ժամանակ միասնականությունը ոչնչացվեց։ Կանոնավոր բանակը այս իշխանությունների օրոք նորից վերածվեց կամավորական ջոկատների, ու մեր կողմից ձեռք բերված սպառազինությունը, որոնց մեծ մասը հակառակորդից ձեռք բերված ավար էր, զգալի մասը հանձնեցին Ադրբեջանին»,- ասաց Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ պատերազմում պարտություն ոչ թե բանակն է կրել, «այլ այս իշխանությունների ղեկավարած պետությունը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ