26 12 2023

«Դոգից՝ Dogg Հայաստան. կարճ՝ 2023 թվականի մասին»․ Արմեն Աշոտյան

«Դոգից՝ Dogg Հայաստան. կարճ՝ 2023 թվականի մասին»․ Արմեն Աշոտյան

«Քանի դեռ ամեն տարի, ամիս, առավոտ մենք դիմավորում ենք «Նիկոլ վարչապետի» հետ, վատանալու է անվերջ, անդադար, անընդհատ և անդառնալի»։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ամփոփելով 2023 թվականը․

««Դոգից՝ Dogg Հայաստան»․

Կարճ՝ 2023 թվականի մասին․

Տարեվերջին ավանդաբար մամուլը և հանրային գործիչները փորձում են ամփոփել անցնող տարին, և  այս ռեֆլեկտոր գայթակղությանը չդիմացա նաև ես՝ փորձելով ձեզ ներկայացնել համեստ, բայց շատերից տարբերվող կարծիքս:

Եթե հակիրճ բանաձևենք, ապա կարելի է ասել, որ գալիք տարին մենք կրկին դիմավորում ենք Նիկոլի հետ և արդեն՝ առանց Արցախ:

Այս բանաձևի առաջին և երկրորդ մասերն օրգանապես շաղկապված են իրար հետ. մենք առանց Արցախ ենք, որովհետև Նիկոլի հետ ենք: Եվ ինչքան դեռ ամեն գալիք տարին, ամիսը, շաբաթը և առավոտը դիմավորենք Նիկոլի հետ, ապա «առանցների» ցանկը միայն ընդլայնվելու է:

Անցնող 2023թ. «ծովից ծովի» մասին երբեմնի երազող Հայաստանը դարձել է «Դոգից՝ Dogg Հայաստան»: Առաջին հայացքից կարող է թվալ, որ 18+ եթերներով հայտնի գործչի և համաշխարհային նախկին աստղի՝ Հայաստանի վրա ազդեցությունների միջև որևէ կապ չկա:

Բայց դա միայն առաջին հայացքից: Քանզի իրականում երկու փաստերն էլ երկրի համակարգային ճգնաժամի երկու սիմվոլիկ դրսևորումներն են:

Նիկոլի ջանքերով Հայաստանում կլինիկական մահ է ապրում քաղաքականությունը: Չկա գաղափար, նպատակ, իշխանություն, ընդդիմություն, չկան կանոններ: Անապատացած դաշտում սթրիմինգային «կարծիքի առաջատարների (opinion leader)» վերածվելը «թագադրողների (king-maker)», ինչպես եղավ Երևանի ավագանիում, խրտնեցնող է, բայց օրինաչափ:

Snoop Dogg-ի համերգի  կազմակերպման նախաձեռնությունը պետական հսկայական միջոցների հաշվին ազգին պատած համակարգային ճգնաժամի ամենացայտուն օրինակներից է:  Իսկ կառավարության հիմնավորումը ՝ «համերգի շնորհիվ բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը աշխարհում», գարշահոտ խորխաբշտիկ է 5000 տարվա պատմություն ունեցող ազգի դաբաղած երեսին:

Արցախի հայաթափումը 2023թ.-ը դարձրեց ոչ թե «հերթական» սև տարի, այլ արտառոց ողբերգության տարեթիվ, իսկ «Դոգից՝ Dogg Հայաստանը»՝ մարդկության պատմության մեջ «հավեսով» անդունդը գլորվող ազգի նախադեպը չունեցող օրինակ:

Տարածված դառը հումոր է, երբ «ի՞նչ է լինելու» հարցին մարդիկ արձագանքում են. «մի քիչ էլ կվատանա, ու այդպես կմնա»: Ավա՜ղ, այդպես չի լինելու: Քանի դեռ ամեն տարի, ամիս, առավոտ մենք դիմավորում ենք «Նիկոլ վարչապետի» հետ, վատանալու է անվերջ, անդադար, անընդհատ և անդառնալի»,- գրել է Աշոտյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ