15  06  2017

Հետընտրական կրքեր. ԵՄ դեսպանի ելույթն ու հայկական կողմի պատասխանը

Հետընտրական կրքեր. ԵՄ դեսպանի ելույթն ու հայկական կողմի պատասխանը

«Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով համաժողովին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին խոսեց Հայաստանում ընտրական համակարգի մասին:

«Այստեղ հավաքվածներից ոչ մեկը չի կարող ասել, որ վերջին ընտրությունները ՀՀ-ում եղան կատարյալ, ամբողջ լրջությամբ հայտարարել, որ Հայաստանը հասել է այն մակարդակին, որը պետք է, հասել է ժողովրդավարական ստանդարտների կատարելությանը: Սա դեռևս գործընթաց է: Մենք, կարող ենք ասել, որ ճանապարհի գրեթե կեսին ենք: Պահանջվեց 25 տարի, որ գնանք այդ նպատակի ուղղությամբ»,– ասաց նա:

Միևնույն ժամանակ Սվիտալսկին  հույս հայտնեց, որ 2-3 տարի հետո, երբ Հայաստանը կմոտենա հաջորդ ընտրություններին, բավականին փոփոխություններ կլինեն երկրում: Եմ պատվիրակության ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում կարևոր է նաև հաստատությունների արժանահավատությունը:

«Ուզում եմ իմ մեծագույն գնահատականը ասել՝ ԿԸՀ-ի արդյունավետ աշխատանքի հետ կապված, բայց խնդիրը միայն արդյունավետությունը չէ, այլ՝ արժանահավատությունը: Խոսքը միայն փաստերի մասին չէ, այլ՝ ընկալումների: ԿԸՀ-ի կազմում պետք է ներգրավվեն քաղհասարակության ներկայացուցիչներ և այլն: Իմ խորհուրդն է հայերին՝ մտածեք, ուսումնասիրեք ԿԸՀ-ի կազմի խնդիրը, նաև այն, թե ինչպես կարող եք ԿԸՀ-ն դարձնել ավելի արժանահավատ և հանրային վստահությունը վայելող կառույց»,- ասաց նա:

Պյոտր Սվիտալսկիի ելույթին անդրադառնալով՝ ՀՀ արդարադատության նախարարը այն որակեց որպես ներքին քաղաքականության հարցին միջամտելու փորձ: «Եթե Սվիտալսկին նման հայտարարությամբ է հանդես եկել, դա փորձ է ներքին քաղաքականության հարցին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից՝ դա բարի նպատակներով է արվում, թե ոչ», - ասաց Դավիթ Հարությունյանը:

Ըստ նրա՝ դա երկրի ներքին խնդիրն է, և այդ հարցը ԱԺ-ն է որոշում:

Իսկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ գույները պետք չէ խտացնել: Ըստ նրա՝ դա ծայրահեղացված մոտեցում է: Ինչ էլ լինի, Մուկուչյանի դիրքորոշումը անփոփոխ է՝ իհարկե, որևէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել և մատնացույց անել թերությունները, սակայն այս ընտրություններով մենք արձանագրեցինք լրջագույն առաջընթաց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ