16 12 2023

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը չի կարելի դասավանդել դպրոցում. ԳԱԱ

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը չի կարելի դասավանդել դպրոցում. ԳԱԱ

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքն ունի վերանայման կարիք և նման բովանդակությամբ չի կարելի դասավանդել դպրոցում։Նման եզրակացության է եկել ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժինը։

Հեղինակավոր գիտնականները 31 էջից բաղկացած ընդգրկուն նկատառումներ են ներկայացրել Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի վերաբերյալ։

Նրանք առանձնացրել են պարզաբանման, հստակեցման ու լրացման կարիք ունեցող և վիճելի ձևակերպումներն ու մտքերը։ Առանձին բաժնով խոսվում է ակնհայտ սխալ ձևակերպումների մասին։ Ներկայացնում ենք որոշ մեջբերումներ ծավալուն վերլուծությունից․

«Դասագիրքը պարունակում է մասնագիտական բազմաթիվ թերություններ, անճշտություններ, ոչ պատշաճ ձևակերպումներ, որոնք, ի դեպ, հաճախ շեղում են դասավանդվող բուն նյութից։

Ընդհանրապես, հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ հատվածը վիճարկելի է. ունի վերաշարադրման անհրաժեշտություն: Անհասկանալի է հեղինակի` հայերի ձևավորման վերաբերյալ նախ և առաջ 19-րդ դարի երկրորդ կեսից գիտության մեջ ի հայտ եկած շինծու տեսակետին անդրադառնալու հանգամանքը: Առաջին հերթին Բալկանյան տեսությանն անդրադառնալը: Այսինքն` հայերը եկվոր են, այլ ոչ թե բնիկ ժողովուրդ։ Այս տեսության առկայությունը ոչ թե զարգացնում է սովորողների համեմատական, վերլուծական կարողությունները, այլ խճճում է նրանց՝ մղելով մոլորության և իրականության ոչ համարժեք ընկալման։

«Քրիստոնեության ընդունումը» ենթավերնագրի ներքո որևէ ակնարկ չկա այն մասին, որ Սբ Թադեոս և Սբ Բարդուղիմեոս առաքյալներն են համարվում Հայոց եկեղեցու հիմնադիրները։ Եթե այս տեղեկությունները բացակայում են դասագրքից, ապա աշակերտն ինչպե՞ս պետք է պատասխանի «Ինչո՞ւ է Հայոց եկեղեցին կոչվում առաքելական» պարզ հարցին։

Հայ ժողովրդի պատմության և հայապահպանության մեջ այնպիսի առանցքային նշանակություն ունեցող գյուտի, ինչպիսին է հայոց այբուբենի ստեղծումը, հեղինակն անդրադարձել է ընդամենը մեկ նախադասությամբ։

Հայկական լեռնաշխարհի բացատրության մեջ Փոքրասիականին զուգահեռ՝ «Անատոլիական» բարձրավանդակ թուրքական տերմինի առկայությունը։

Բացակայում է Մեծ Հայքի վարչատարածքային բաժանման քարտեզը, ինչը 7-րդ դասարանում սովորողին շատ անհրաժեշտ է և օգտակար։ Հայկական լեռնաշխարհը ներկայացված է որպես «ենթադրյալ նախահայրենիք», որը, մանավանդ քարտեզի մեջ, հիմնովին անընդունելի և վտանգավոր ձևակերպում է: «Վանի թագավորության սահմանները Ք.ա. 743-700 թթ.» քարտեզում ներառված չէ ՀՀ ներկա տարածքը։

Տիգրան Մեծի կայսրությունը Ք. ա. 80 թ. (ժամանակակից սահմաններով) քարտեզն անհասկանալի է. ինչո՞ւ է նշվել Լեռնային Ղարաբաղը, Արդրբեջանը և Ռուսաստանը, Թուրքիան, Լիբանանը, Իրաքը, Սիրիան և Իրանը:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում «Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի ծրագրով նախատեսված են Հայոց եկեղեցու պատմությանը վերաբերող թեմաները, որոնք, մեր կարծիքով, թերի են ներկայացված դասագրքի շարադրանքում»,- ասված է եզրակացության մեջ:

ԳԱԱ Պատմության ինստիտուտի Միջին դարերի պատմության բաժնի դիտարկումներին ամբողջությամբ՝ այստեղ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ