27 07 2023

Վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը ԼՂ անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա

Վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը ԼՂ անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա

Հուլիսի 27-ին՝  ժամը 16:00-ին, Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ-ից։

«Օրակարգով նախատեսված  օրինագծերը ներկայացրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են  Ազգային ժողովի նախագահի ընտրության համար ավելի ճկուն մեխանիզմների ներդրման հետ: Գլխադասային հանձնաժողովը նախագծին տվել էր դրական  եզրակացություն: 21 կողմ, 8 դեմ ձայների հարաբերակցությամբ այն ընդունվել է որպես օրենք:

Հաջորդ նախագծերի փաթեթում ներառված՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող և  Քրեական դատավարության օրենսգրքում լրացում նախատեսող օրենքի նախագծերի ներկայացումը ուղղակիորեն պայմանավորված են Քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով:
Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ մարդու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորելը կդիտարկվի որպես քրեորեն պատժելի արարք, ինչպես նաև դրանց դեպքում կարող են կիրառվել նաև ազատազրկման տեսքով պատժատեսակներ:

Փաթեթն ընդունվել է 23 կողմ,4 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինափաթեթով առաջարկվող իրավակարգավորումների ընդունման պարագայում առավել հստակ և արդյունավետ կդառնան տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ կապված հայտարարված ռազմական դրության հետ:

Իրավական լուծում կտրվի նաև ռազմական դրության պայմաններում գույքային իրավունքներին:
Օրինափաթեթի վերաբերյալ մտքերի փոխանակությամբ հանդես են պատգամավորներ Մետաքսե Հակոբյանը, Արթուր Մոսիյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Հարությունյանը: 18 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ օրինափաթեթն ընդունվել է:

Քննարկվել է նաև ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հարցը:

Օրենքի նախագծով առաջարկվող իրավակարգավորումների արդյունքում կստեղծվի իրավական հնարավորություն՝ կարգավիճակ սահմանելու նրանց համար, ովքեր մարտական գործողությունների ընթացքում իրենց ծառայողական կամ աշխատանքային (մասնագիտական) պարտականությունները կատարելիս կորցրել են կյանքը կամ վնասել առողջությունը:

Օրինագիծը պաշտպանության,անվտանգության և օրինապահպանության հարցերի գլխադասային  հանձնաժողովի  դրական եզրակացությամբ ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը: Այն 26 կողմ ձայնով արժանացել է խորհրդարանի հավանությանը»,- ասվում է հաղորդագրությունում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ