27 07 2023

Առաջին ատյանի դատավորները կստանան 60% հավելում

Առաջին ատյանի դատավորները կստանան 60% հավելում

Սահմանադրության 164-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները, այդ թվում՝ աշխատավարձի չափը, կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

Սակայն հարկ է նկատել, որ Օրենքով առաջին ատյանի դատարանների դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կարգավիճակին և պատասխանատվությանը:

Ընդգծվում է դատավորների՝ հատող գերծանրաբեռնվածությունը և այդ ծանրաբեռնվածության ու դատավորների ներկայիս վարձատրության անհամապատասխանությունը: Ընդ որում, վիճակագրության արդյունքներով քննվող դատական գործերի քանակով եռաստիճան դատական համակարգում ծանրաբեռնվածության ամենամեծ բեռը կրում են հենց առաջին ատյանի դատարանների դատավորները:

Այս առումով պետք է նկատի ունենալ, որ Օրենքում նախկինում կատարված փոփոխությունների արդյունքում հավելում է սահմանվել հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար, այնուհետև վերանայվել են նաև Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության չափերը: Որպես նշված փոփոխությունների տրամաբանական շարունակություն՝ անհրաժեշտություն է վերանայել նաև դատական համակարգում ծանրաբեռնվածության մեծ բեռ կրող առաջին ատյանի դատարանների դատավորների վարձատրության չափը:

Նախագծով առաջարկվում է 60% հավելում սահմանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, սնանկության դատարանի և վարչական դատարանի դատավորների համար՝ ապահովելով դատավորի բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխանող վարձատրությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ