06  03  2017

Ռոբերտ Քոչարյանի տեսակետը՝ ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ

Ռոբերտ Քոչարյանի տեսակետը՝ ընթացիկ քաղաքական գործընթացների վերաբերյալ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրապարակել է ներկա քաղաքական գործընթացի վերաբերյալ իր տեսակետը, ինչպես որ մեզ հետ զրույցում նշել էր երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նախագահը գրում է.

«Ես վաղուց խոստացել էի հարցազրույց տալ, թեև ոգևորիչ որևէ բան ասելու հիմք չէի տեսնում: Անկեղծ ասած, անցած օրերի ընթացքում փորձել եմ պատասխաններ գրել ու արձագանքել մի քանի արդիական հարցերի: Սակայն ներքին դիմադրությունս այնքան մեծ էր, որ ես չուզեցի շարունակել: Քաջատեղյակ լինելով առկա իրողություններին, ընթացիկ քաղաքական գործընթացի մանրամասները մեկնաբանելու, առավել ևս՝ դրանց մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ:

Շարունակում եմ 2015թ. սահմանադրական փոփոխությունները մեծ սխալ համարել՝ Հայաստանի համար երկարատև բացասական հետևանքներով: Նոր ընտրական օրենսգիրքն իր ռեյտինգային /տարածքային/ քվեարկության համակարգով էլ ավելի է խթանելու մեր ընտրական գործընթացներին բնորոշ ամենավատ դրսևորումները: Ըստ էության, մեծամասնական ընտրակարգի տրամաբանությունը ակնհայտորեն գերակշռում է համամասնականին: Միջկուսակցական պայքարը ստորադասվում է անձերի պայքարին՝ գրեթե զրոյացնելով խորհրդարանական համակարգի ներքո ընտրապայքարի ծավալման գովաբանված առավելությունները: Այդպիսով, այս ընտրություններում գաղափարական պայքարը որևէ նշանակություն չի ունենալու: Դա են փաստում նաև հրապարակված տարածքային ցուցակները: Ակնհայտ է, որ լինելու է քսակների կռիվ՝ զոռբայության մթնոլորտում: Հատկապես, որ բազմաթիվ ընտրողներ այնպիսի ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, որ ըստ ամենայնի, պատրաստ չեն մերժել փողը ու թերևս կմասնակցեն ձայների աճուրդին:

Ցավոք, դժվար չէ կռահել, թե ինչ պտուղներ կտա այս ամենը:

Ռոբերտ Քոչարյան

06 մարտի 2017թ.»:

Աղբյուրը՝ 2rd.am

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ