11  01  2017

Դադարեցնել Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները. «Ելք» դաշինքի կոչը՝ վարչապետին

Դադարեցնել Վանաձոր քաղաքի ավագանու լիազորությունները. «Ելք» դաշինքի կոչը՝ վարչապետին

Վանաձորում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ամիսներ առաջ ընտրություններում թեժ պայքարի արդյունքում քաղաքապետ էր ընտրվել ՀՀԿ կուսակցության անդամ Մամիկոն Ասլանյանը: ՀՀԿ-ի հաղթանակին նպաստած ընդդիմությունը դրանից հետո սկսեց բոյկոտել ավագանու նիստերը: Ստեղծված իրավիճակում ընդդիմադիր «Ելք» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ: «Ելք»-ի առաջարկած միակ ելքը գործող ավագանու լիազորությունների դադարեցումն է: Վկայակոչելով Սահմանադրության համապատասխան կետերը` դաշինքի անդամները առաջարկել են Կառավարությանը վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Ներկայացնում ենք հայտարարության համառոտ տեքստը

«Հարգելի՛ պարոն Կարապետյան,

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9-րդ հոդվածի ուժով՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասով՝ տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է՝ համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 07-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ «Օրենք»)[1] 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է վաղաժամկետ դադարեցնել ավագանու լիազորությունները, եթե հերթական նստաշրջանի ընթացքում ավագանու նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում (միևնույն կարգավորումն է նախատեսվում նաև նախկին խմբագրությամբ օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասի 1-ին կետով):

Ըստ Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի՝ ավագանու հերթական նստաշրջանները գումարվում են փետրվարի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև հունիսի վերջին չորեքշաբթին և սեպտեմբերի երկրորդ երեքշաբթի օրվանից մինչև դեկտեմբերի վերջին չորեքշաբթին: Նստաշրջանի ընթացքում յուրաքանչյուր ամիս հրավիրվում է ավագանու առնվազն մեկ նիստ: Տվյալ պարագայում Վանաձոր քաղաքում 2016 թվականի հոկտեմբերի 10-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունից ի վեր որևէ անգամ ավագանու ինչպես հերթական, այնպես էլ արտահերթ նիստ չի գումարվել, քանի որ համայնքի ղեկավարը վայելում է 33 ավագանու անդամներից միայն 15-ի վստահությունը՝ «Հանրապետական» (13) և «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» (2) խմբակցություններից: Այսինքն, համայնքի ղեկավարը չունի քաղաքական մեծամասնություն, ինչն անհրաժեշտ նախապայման է Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում տեղական ինքնակառավարման գործող օրենքով սահմանված առանձնահատկություններից ելնելով։

Կառավարման ստեղծված ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելու երկու տարբերակ կա՝ առաջին ելքը համայնքի ղեկավարի հրաժարականն է, սակայն վերջինս հայտարարում է, որ հրաժարական չի տալու։ Միակ լուծումը մնում է կառավարության կողմից ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը:

Առաջարկում ենք իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով իրեն վերապահված լիազորությունները, մասնավորապես՝ վաղաժամկետ դադարեցնել Վանաձոր քաղաքի գործող ավագանու լիազորությունները և միաժամանակ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ