24 06 2022

Մեր նախաձեռնած նիստերին ինչի՞ չէիք մասնակցում, բա քաղաքի մասին չէի՞ք մտածում. Վանաձորի ավագանու անդամ․ News.am

Մեր նախաձեռնած նիստերին ինչի՞ չէիք մասնակցում, բա քաղաքի մասին չէի՞ք մտածում. Վանաձորի ավագանու անդամ․ News.am

News.am-ը գրում է․ Մեզ մեղադրել անգործության եւ քաղաքը չսիրելու մեջ, մեղմ ասած՝ անշնորհքություն է։ NEWS.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցություն անդամ Գոռ Բադյանը՝ անդրադառնալով այն քննադատություններին, որ համայնքի բյուջեի եւ սուբվենցիոն ծրագրերի օրակարգով հրավիրված ավագանու արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով։

«Մենք մեր քաղաքի մասին շատ լավ մտածում ենք, իսկ որոշ քաղաքական ուժեր եւ անհատներ ժամանակին լռում էին քաղաքին վնասող թեմաների մասին, հիմա ակտիվացել են,  փորձում են մեր անվան հետ խաղալ, նսեմացնել, թե իբր մենք չենք մտածում քաղաքի մասին, հարց է ծագում՝ բա էն ժամանակ ինչի՞ չէին մասնակցում մեր կողմից հրավիրված նիստերին։ Չէի՞ն մտածում քաղաքի մասին։

Կառավարության ղեկավարը ապօրինաբար Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեց։ Այդ նիստով փորձում էին լեգիտիմացնել ամիսներ շարունակվող ապօրինությունները, մենք ամեն ինչ հասկանում ենք։

Ավագանու արտահերթ նիստին չենք մասնակցել նաեւ այն պատճառով, որ մեր դաշինքի առաջնորդին ապօրինաբար պահում են կալանքի տակ, համոզված եմ, որ եթե Մամիկոն Ասլանյանը ազատության մեջ լիներ, նա էր լինելու համայնքի ղեկավարը, որովհետեւ ստացել էլ վստահության քվե, իր պաշտոնավարման ժամանակ շատ լավ սուբվենցիոն ծրագրեր էին իրականացվել եւ ժողովուրդը դա տեսնելով՝ ընտրություններին ձայն տվեց նրան»,–  ասաց Գոռ Բադյանը։

Նշենք, որ Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի գլխավորությամբ՝ երեկ հունիսի 23–ին, հրավիրվել էր ավագանու արտահերթ նիստ, որը, սակայն, քվորում չլինելու պատճառով չկայացավ։

Օրակարգում համայնքի բյուջեն եւ սուբվենցիոն ծրագրերը հաստատելու մասին նախագծերն էին։ Ավագանու արտահերթ նիստին չէին ներկայացել ընտրություններում առավել շատ ձայն ստացած «Մամիկոն Ասլանյան» ու «Հայրենիք» խմբակցությունների անդամները։ Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» եւ «Ապրելու երկիր» խմբակցությունների անդամները։

Հիշեցնենք, որ 2021թվականի դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից  6 ամիս անց Վանաձորի ավագանու նիստ տեղի չի ունեցել։ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ հրավիրվել էր դեկտեմբերի 24-ին, որը, սակայն, չկայացավ, քանի որ Վարչական դատարանը ԼՀԿ-ի հայցի հիման վրա՝ միջանկյալ միջոց էր կիրառել եւ արգելել Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ հրավիրել։ 

«Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամների նախաձեռնած մարտի 18–ի ավագանու արտահերթ նիստը նույնպես չէր կայացել։ «Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի  քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը հայտնել էր, որ աշխատակազմը ձեռնպահ է մնում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ գումարելու հետ կապված որեւէ գործողությունից՝ ներկայացնելով   դրա պատճառները։

Վանաձորի ավագանու արտահերթ նիստ կայացել է միայն մեկ անգամ՝ հունվարի 24–ին, որին ավագանու անդամները լիազորեցին Արտակ Ոսկանյանին Վարչական դատարանում Վանաձոր համայնքի ավագանու շահերը ներկայացնել։

Վանաձորի ավագանու անդամը հիշեցրեց արտահերթ նիստ անցկացնելու խոչընդոտները  եւ հետաքրքրվեց՝ հիմա ի՞նչ է փոխվել, որ նիստ են հրավիրել։

«Այդ սուբվենցիոն ծրագիրը, որն օրակարգում էր, մենք էինք հեղինակել, ուղղակի իրենք էդ ծրագրի մեջ որոշ փողոցների անուններ են փոխել։ Ճիշտ կլիներ, որ այդ ծրագիրը իրականացներ ապօրինաբար ազատությունից զրկված Մամիկոն Ասլանյանը՝ իր թիմի հետ։ Մարդիկ չեն հասկանում, որ ուրիշի մեդալը գողանալով՝ չեմպիոն չեն դառնում»,– ընդգծեց «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամը։

Հիշեցնենք, որ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով ավագանու նիստ չի կարող հրավիրվել, քանի դեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայցը վիճարկման փուլում է։ ԼՀԿ–ի հայցի հիման վրա դատական նիստը նշանակված է հուլիսի 20–ին։

Դատական պրոցեսների պատճառով կես տարի է՝ պարալիզացված են Վանաձոր խոշորացված համայնքի աշխատանքները։ Մեկ ամիս առաջ՝ մայիսի 13–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արկադի Փելեշյանը նշանակվեց Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Հիշեցնենք նաեւ, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացված ընտրություններին մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։

2021 թվականի դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ կալանավորվել։

Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։

Ամիսներ անց՝ 2022-ի փետրվարին, Քննչական կոմիտեն հաղորդեց, որ Մամիկոն Ասլանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել եւ նոր մեղադրանք է առաջադրվել։

Հարուցված քրեական գործերի նախաքաննությունն ավարտվել է, գործն արդեն դատարանում է։ Հունիսին տեղի ունեցած առաջին դատական նիստին Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին միջնորդությունը քննվեց։ Դատարանը, սակայն, նրան կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ