08 04 2020

Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի. վարչապետ

Ծրագրերի ծախսային թերակատարումները պետք է հասցնենք նվազագույնի. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և թափոնների կառավարման ոլորտներում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը:

Զեկուցվել է, որ Զբոսաշրջության զարգացման և ենթակառուցվածքների ծրագրով, որի վարկային միջոցները կազմում են 55 մլն դոլար, 2016 թվականից մինչ օրս ծախսվել է 6 մլն դոլար: Նախատեսվում է, որ 2020 թվականին ծրագրի շրջանակում կներդրվի ևս 4 մլրդ դրամին համարժեք եվրո: Ծրագրով՝ Արարատի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի և Արմավիրի մարզերում իրականացվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, տուրիզմի գոտիների, ճանապարհների վերանորոգման, զբոսաշրջային պատմական միջավայրի վերականագնման աշխատանքներ:

Այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրիում և Ջերմուկում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հնարավորություններին, որոնց նախագծային աշխատանքներն արդեն իսկ պատրաստ են: Դրանք նախատեսվում է կյանքի կոչել, այդ թվում՝ պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակում: Ներկայացվել է նաև «Համայնքների ենթակառուցվածքների զարգացման» վարկային ծրագրի ընթացքին:

Հաջորդ խորհրդակցության ընթացքում պատասխանատուները վարչապետին զեկուցել են Կոշտ թափոնների կառավարման վարկային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները: Նշվել է, որ դրա շրջանակում նախատեսվում է Երևանում՝ Նուբարաշենի գործող աղբավայրի հարևանությամբ, կառուցել նոր աղբավայր և կոնսերվացնել մայրաքաղաքի 2 չգործող աղբավայր: Ներկայումս ընթացքի մեջ է նոր աղբավայրի կառուցման մրցույթների կազմակերպման գործընթացը: Քննարկվել են նաև նույն ծրագրի շրջանակում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում աղբավայրերի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ամփոփելով խորհրդակցությունները՝ վարչապետը նկատել է, որ Հայաստանում մինչ այժմ եղել է կապիտալ ծախսերի թերակատարման քրոնիկ պրակտիկա: «Հատկապես այս տարի դա անթույլատրելի է: Մենք պետք է ճշգրիտ կանխատեսենք ծախսերի հատվածը, որպեսզի այն միջոցները, որոնք հնարավոր չեն լինելու ծախսել, ուղղենք այլ ծրագրերի իրականացմանը»,- ասել է վարչապետը՝ կարևորելով ծրագրերի իրականացումը հատկապես սոցիալական խնդիրների լուծման առումով: «Մենք պետք է ծրագրերի թերակատումները հասցնենք նվազագույնի: Այստեղ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական կարևոր բաղադրիչ կա»,- նշել է կառավարության ղեկավարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ