14  11  2019

Կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Կայացել է ՀՀ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կառուցվածքային փոփոխություններին՝ նշելով. «Տեղյակ եք, որ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված էական փոփոխություններ են տեղի ունեցել՝ մասնավորապես, փոխվել է Ռազմարդյունաբերական կոմիտեի ենթակայությունը և Պաշտպանության նախարարության համակարգից տեղափոխվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարություն: Ես ուզում եմ, առիթից օգտվելով, Պաշտպանության նախարարությանը շնորհակալություն հայտնել մինչ այժմ այդ ոլորտում կատարած աշխատանքների և ունեցած ներդրման համար: Ցանկանում եմ հաջողություն մաղթել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության  նախարարությանը և նաև Ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարին և հույս հայտնել, որ այս կառուցվածքային փոփոխությունը կնպաստի, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ոլորտում էական փոփոխություններ և տեղաշարժեր արձանագրենք՝ հենվելով արդեն իսկ այս պահին եղած արդյունքների, կատարված աշխատանքների վրա, որովհետև այս ոլորտի զարգացումը շատ կարևոր է, և դրա կարևորությունը, իհարկե, բացատրելու անհրաժեշտություն չկա»:

Նիստում զեկույցով է հանդես եկել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: Քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, գիտության, տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության միջև գործուն կապի ձևավորմանը վերաբերող հարցեր: Հավանության է արժանացել Հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների 2020թ. պետական պատվերի անվանացանկը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ