17  10  2019

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին

Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիիչի Հասեգավային: Նա Հայաստանում է հոկտեմբերի 16-18-ը Երևանում տեղի ունեցող «Գլոբալ ինովացիոն ֆորում»-ի շրջանակում: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանը կարևորում է Ճապոնիայի հետ քաղաքական երկխոսությունը, որը դինամիկ զարգանում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, և դրա հիման վրա ձևավորված արդյունավետ համագործակցությունն ընդլայնման ներուժ ունի: Կառավարության ղեկավարը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի Միջազգային համագործակցության գործակալության (JICA) շրջանակում Հայաստանին տրամադրվող օժանդակության կապակցությամբ և նշել, որ իրականացվող համատեղ ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում հայ-ճապոնական կապերի զարգացմանը:

Էիիչի Հասեգավան շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպման համար և փոխանցել Ճապոնիայի վարչապետի բարեմաղթանքները ՀՀ վարչապետին՝ Հայաստանում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների կապակցությամբ: Նա նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ գործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք բնագավառներում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ընթացքի, կրթության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում կապերի սերտացման հեռանկարների շուրջ:

Վարչապետը վերահաստատել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին ուղղված՝ Հայաստան այցելելու իր հրավերը՝ նշելով, որ ուրախ կլինի հյուրընկալել գործընկերոջը և քննարկել հայ-ճապոնական արդյունավետ գործակցության հեռանկարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ