26  09  2019

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (ՌԴ ներկայացուցիչ Իգոր Պոպովը, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ստեֆան Վիսկոնտին, ԱՄՆ ներկայացուցիչ Էնդրյու Շոֆերը) առաջիկայում կայցելեն Հայաստան ու Ադրբեջան: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

Հայտարարության մեջ ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում միասնական և անհատական հանդիպումներ են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Համանախագահներին հանդիպման ժամանակ միացել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակի և ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Հայտարարության մեջ նշվում է, որ համանախագահները երկու երկրների նախարարներին տեղեկացրել են հունիսին Վաշինգտոնում ունեցած միասնական հանդիպումից հետո իրենց գործունեության վերաբերյալ` ներառյալ վերջերս Փարիզում և Ժնևում ունեցած խորհրդակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:

Համանախագահները նշել են ամառվա ընթացքում բռնությունների գործադրման նվազմանն ուղղված կողմերի ջանքերի դրական արդյունքները` խորը ափսոսանք հայտնելով վերջին դժբախտ պատահարի առնչությամբ: Համանախագահներն ու նախարարները քննարկել են լարվածության թուլացմանն ուղղված լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը և առարկայական քննարկումների համար նպաստավոր մթնոլորտի պահպանման անհրաժեշտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ