25 09 2019

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի և Չեխիայի վարչապետերին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հունաստանի և Չեխիայի վարչապետերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքներին։

ՄԱԿ-ի կենտրոնակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով Հունաստանի վարչապետին, նշել է, որ Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ ինչպես երկկողմ ձևաչափում գործընկերությունը, այնպես էլ Եվրոպական միության շրջանակում փոխգործակցությունը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների բարեկամական կապերը և բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները լավ հիմք են տնտեսական, ինչպես նաև մյուս ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման համար։

Նշելով, որ ուրախ է ծանոթանալ Հայաստանի վարչապետի հետ՝ Հունաստանի վարչապետը նկատել է՝ հայ և հույն ժողովուրդներին միավորում են պատմական կապերը, և երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը պետք է օգտագործել՝ մյուս ուղղություններով ևս փոխգործակցությունը խորացնելու համար։

Նիկոլ Փաշինյանը և Կիրիակոս Միցոտակիսը քննարկել են երկկողմ գործակցության զարգացման հարցեր, անդրադարձել տնտեսական կապերի ակտիվացման հնարավորություններին, մտքեր փոխանակել տնտեսությունների ներկայիս վիճակի և դինամիկայի շուրջ։ Երկուստեք նշվել է, որ առկա է տնտեսական նշանակալի ներուժ, և պետք է ակտիվ աշխատել այն հնարավորինս իրացնելու ուղղությամբ։ Երկուստեք ընդգծվել է, որ Երևան-Աթենք ուղիղ օդային հաղորդակցությունը, որն արդեն գործում է, նպաստում է առևտրատնտեսական գործակցության և զբոսաշրջային կապերի զարգացմանը։ Երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման համատեքստում կարևորվել է համատեղ բիզնես ֆորումների կազմակերպումը։ Կողմերն անդրադարձել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ծավալված համագործակցությանը՝ այն գնահատելով արդյունավետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ԵՄ անդամ արդեն 17 երկիր վավերացրել է համաձայնագիրը և խնդրել է Հունաստանի վարչապետին, որպեսզի Հունաստանը ևս հնարավորինս արագ վավերացնի համաձայնագիրը և աջակցի համաձայնագրի վերջնական ուժի մեջ մտնելուն։ Հայաստանի և Հունաստանի վարչապետները մտքեր են փոխանակել նաև մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկի շուրջ։

Հայաստանի վարչապետը կարևորել է Հունաստանի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Հունաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել Կիպրոսի հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հունաստանի և Կիպրոսի ջանքերին Հայաստանի աջակցության համար։

Հայաստանի վարչապետը նաև մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում «Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումի» բացման արարողությանը։

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպումներ է ունեցել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի և Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի հետ։

Վարչապետը նշել է, որ Չեխիան Հայաստանի լավ գործընկերն է, և Հայաստանը հետաքրքրված է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցության խորացմամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի կողմից Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար՝ նշելով, որ համաձայնագիրը համահունչ է ՀՀ բարեփոխումների օրակարգին և դրա արագ վավերացումը կնպաստի այդ օրակարգի արդյունավետ իրագործմանը։Անդրեյ Բաբիշի խոսքով՝ Չեխիան ևս կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ ձևաչափերով հարաբերությունների խորացումը և պատրաստ է քննարկել այդ ուղղությամբ հետագա համատեղ քայլերը։Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, ծառայությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին։

Հայաստանի և Չեխիայի վարչապետերը մտքեր են փոխանակել նաև Եվրոպական միության շրջանակում փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային զարգացումների և մարտահրավերների շուրջ։Հայաստանի վարչապետը կարևորել է Չեխիայի հավասարակշռված դիրքորոշումը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ