21  09  2019

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ

Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակի առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ:

Գոհունակությամբ եմ ընդծում ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք էլ ավելի ամրապնդել երկկողմ կառուցողական համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում, ինչպես նաև ընդլայնել գործընկերային փոխգործակցությունը Եվրասիական ինտեգրացիոն գործընթացների շրջանակում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին, համահունչ է կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը:

Հարգելի Նիկոլ Վովայի,

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ուղերձում նշված է.

«Մեծարգո վարչապետ,

Ամերիկյան ժողովրդի անունից շնորհավորում եմ Ձեզ և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։

Միացյալ Նահանգները ողջունում է մեր երկրների սերտ համագործակցությունը և ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին միտված Ձեր կառավարության հանձնառությունը։ Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։

Լիահույս եմ, որ մեր երկու երկրների միջև արդեն իսկ առկա գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա։ Ընդունեք իմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն այս կարևոր տոնի առթիվ»։

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետխորհրդի վարչապետ Լի Քեցիանը: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ի դեմս Ձեզ՝ բարեկամ հայ ժողովրդին։

Վերջին տարիներին չին-հայկական բարեկամական համագործակցության հարաբերություններն անշեղորեն զարգանում են, պահպանվում են բարձր մակարդակի սերտ շփումներ և կապեր, ձեռքբերումներ արձանագրվում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման շրջանակում։ Ընթացիկ տարվա մայիսին կայացած մեր հանդիպումը նոր թափ հաղորդեց երկկողմ հարաբերություններին և թույլ տվեց լայն փոխըմբռնում ձեռք բերել պրակտիկ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասնական ջանքեր գործադրել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։

Մաղթում եմ Հայաստանի Հանրապետությանը բարգավաճում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն։

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք»։

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Վստահ եմ, որ բելառուսա-հայկական համագործակցությունը, հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ վստահության, հարգանքի և բարեկամության վրա, կշարունակի անշեղորեն զարգանալ և կատարելագործվել:

Հարգելի Նիկոլ Վովայի,

սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ պետական պատասխանատու գործունեության մեջ, իսկ եղբայրական Հայաստանի քաղաքացիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Վստահ եմ, որ Թուրքմենստանի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հավասարության, փոխադարձ ըմբռնման և վստահության վրա, կշարունակեն զարգանալ ի բարօրություն մեր ժողովուրդների:

Օգտվելով այս հաճելի հնարավորությունից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, հետագա առաջընթաց և բարգավաճում»:

***

Անկախության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Ուղերձում ասված է.

«Հարգարժան Նիկոլ Վովայի

Ղրղզստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առթիվ:

Իմ խորին վստահությունն եմ հայտնում, որ Ղրղզստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցությունը, հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա, կշարունակի զարգանալ ի շահ երկու ժողովուրդների բարգավաճման:

Տոնական այս օրվա կապակցությամբ մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն, երջանկություն, հաջողություններ Ձեր աշխատանքում, իսկ հայ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

***

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության վարչապետ Մուստաֆա Մադբուլին, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ-Մաքթումը, Ոկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ