02 09 2019

ՀՀ նախագահի շնորհավորանքը

ՀՀ նախագահի շնորհավորանքը

Այսօր Արցախի անկախության հռչակման 28-րդ տարեդարձն է. այս երեք տասնամյակը համայն հայության մաքառումի, տոկունության, հերոսության ու հաղթանակի պատմություն է, որ կերտեց մեր ժողովուրդը: Այս մասին Արցախի անկախության 28-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Արցախի մեր պատմական հողում ազատության տենչը գալիս է դարերի խորքից: Հայոց երկրի այդ հատվածում հնուց ի վեր դրվել են հայկական պետականության ամուր հիմքերը, կազմավորվել է հզոր եւ մարտունակ բանակ, ստեղծվել են գիտակրթական կենտրոններ եւ մշակութային արժեքներ, ձեւավորվել խաղաղ գոյակցության ու բարիդրացիության ավանդույթներ եւ, ամենակարեւորը, հայրենի հողն ու ընտանիքը ամեն գնով պաշտպանելու հզոր կամք ու անպարտ ոգի:

Բայց պատմությունը միայն անցյալը չէ, պատմությունը նաեւ այսօրն է, պատմությունը ստեղծվում է նաեւ վաղվա համար:

1988-ին բոլորս միասին երազում էինք ազատ Արցախի մասին, հետո, երբ վտանգված էր ազատությունը, եւ հայ ժողովուրդը դուրս էր եկել հերթական գոյամարտի, բոլորս աղոթում էինք Արցախի փրկության համար, այսօր, երբ անկախությունն իրականություն է, մենք բոլորս պահանջում ենք խաղաղ ու անվտանգ Արցախ:

Ազատությունն ու խաղաղությունը չեն նվիրվել արցախցուն, այլ՝ ձեռք են բերվել հազարավոր հայորդիների կյանքի գնով, արյունով ու հայրենիքի նկատմամբ անսահման սիրով ու նվիրումով է ամրագրվել 28 տարի առաջ ընդունված Արցախի Անկախության հռչակագիրը:

Այսօր էլ դեռ շատ են անելիքները մեր բարդ եւ հարափոփոխ ժամանակներում: Արցախի ազատագրման եւ անկախության համար զոհվածները, Արցախում ապրող ու իրենց ամենօրյա կյանքով հերոսության օրինակ ծառայող մարդիկ, մեր ապագա սերունդներն արժանի են, որ Արցախի ապագան շարունակի կերտվել որպես հաղթանակների, խաղաղության ու բարիդրացիության պատմություն:

Այսօր, ավելի քան երբեւէ, մենք հաստատակամ եւ ամուր ենք հայոց միասնականության խորհրդանիշ ինքնիշխան Արցախի Հանրապետությունը ու նրա հերոս զավակներին պաշտպանելու հարցում: Այդ գիտակցությամբ եմ իմ անկեղծ բարեմաղթանքները հղում Արցախին դեպի հաջողություն ու հաղթանակ տանող բոլոր ձեռնարկներում:

Արցախի Հանրապետության օրվա առթիվ շնորհավորում եմ բոլորիս Արցախում, Հայաստանում եւ Սփյուռքում:

Միասի՛ն պաշտպանենք ու պահպանենք մեր հաղթանակներն ու ձեռքբերումները: Եվ թող Աստվա՛ծ պահապան լինի Արցախին, Հայաստանին ու մեր ժողովրդին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ