09 05 2019

Բանակն Արցախում մեր ազգային իղձերի իրականացման երաշխավորն է․ Գարեգին Բ

Բանակն Արցախում մեր ազգային իղձերի իրականացման երաշխավորն է․ Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի հիմնադրման տոների առթիվ:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու ջերմ շնորհավորանքներն ենք բերում մեր ժողովրդին Հաղթանակի ու խաղաղության տոնի, Շուշիի ազատագրության և Պաշտպանության բանակի հիմնադրման օրերի առիթով:

Մայիսի 9-ի խորհուրդը աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար նվիրական է։ Այսօր մենք տոնում ենք Երկրորդ աշխարհամարտում և Արցախին պարտադրված պատերազմում մեր հերոս հայրերի ու նրանց քաջարի որդիների սխրագործությունների հաղթանակը։ Հպարտ և երախտագետ հոգով մեր խոնարհումն ենք բերում ռազմի դաշտում հանուն խաղաղության հերոսացածների հիշատակին, նաև հաղթանակի համար իրենց ջանքերը ներդրած նվիրյալներին:

Երկրորդ աշխարհամարտից շուրջ կես դար հետո մենք կրկին հարկադրված եղանք պաշտպանելու մեր ժողովրդի ազատ և անվտանգ կյանքի իրավունքը՝ միայնակ դիմակայելով Արցախում մեր գոյությանը սպառնացող հակառակորդին։ Արցախյան ազատամարտը, Շուշիի ազատագրումը հաջորդ սերունդներին փոխանցելու է մեր ազգի արիության, արժանապատվության և սեփական ուժերին ապավինելու պատմությունը,  հանուն խաղաղության հեղված արյան արժևորման բարձր գիտակցությունը։

Շուշիի ազատագրման հաղթական օրը հռչակվեց նաև տոն Պաշտպանության բանակի հիմնադրման, որը իր հայրենասեր և խիզախ զորահրամանատարներով, սպաներով ու զինվորներով երաշխավորն է Արցախ աշխարհում մեր ազգային իղձերի ու երազների իրականացման։

Ի խորոց սրտի Մեր աղոթքն է, որ Բարձրյալն Աստված Իր Ամենազոր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ անվտանգ պահի Հայաստանն ու Արցախը, զորացնի և օգնական լինի հայրենյաց պաշտպաններին, և երկնառաք օրհնությամբ բարգավաճի հայրենի մեր երկիրը և համայն ժողովուրդը համերաշխ, երջանիկ ու բարօր կյանքով»,- նշվում է ուղերձում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ