14 12 2018

Կանադայի և ՀՀ վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել

Կանադայի և ՀՀ վարչապետերը հեռախոսազրույց են ունեցել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Կանադայի վարչապետը շնորհավորել է  Նիկոլ Փաշինյանին Հայաստանում բարձր մակարդակի ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել, որ դա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի ու ընդհանրապես աշխարհի համար:

Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ջասթին Թրյուդոյին շնորհավորանքի համար և կարևորել միջազգային դիտորդների կողմից ընտրություններին նման բարձր գնահատական տալու հանգամանքը:

«Այժմ էլ ավելի մեծ հնարավորություններ են բացվում հայ-կանադական հարաբերություններն առավել զարգացնելու, խթանելու համար, և ժամանակն է աշխատելու այդ ուղղությամբ»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: 

Ջասթին Թրյուդոն նշել է, որ Կանադայի կառավարությունը և անձամբ ինքը պատրաստ են բոլոր ջանքերը ներդնել Հայաստանին աջակցելու համար: Նրա խոսքով՝ Կանադան ունի ներդրումային մեծ հնարավորություններ բազմաթիվ ոլորտներում և իր գլխավորած կառավարությունը պատրաստակամ է աջակցել, որպեսզի դրանք Հայաստանում դառնան իրականություն: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ավելացրել է, որ Հայաստանի համար կարևոր է կանադական ներդրումների ներգրավումը, ինչը մեր երկիր կբերի նաև կառավարման բարձր ստանդարտներ: «Մենք հանձնառու ենք ջանքեր գործադրել, որպեսզի մեր երկիրը կանադական բիզնեսի և ընդհանրապես ներդրողների համար դառնա հնարավորինս հրապուրիչ: Մենք քաջ գիտակցում ենք, որ դրա համար շատ կարևոր է անկախ դատական համակարգի առկայությունը և հանձնառու ենք բարեփոխել մեր արդարադատության համակարագն ու այն բերել ամենաբարձր չափանիշների՝ այնպես, ինչպես Կանադայում:

Ուրախ եմ, որ կիսում ենք ժողովրդավարության միևնույն տելականը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Երկու երկրների ղեկավարները հույս են հայտնել, որ առաջիկայում առիթներ կունենան հանդիպելու և քննարկելու երկկողմ օրակարգին վերաբերող հարցերը:

:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ