06  12  2018

Մնացականյանն ու Մամեդյարովը ծանոթացել են միմյանց դիրքորոշումներին

Մնացականյանն ու Մամեդյարովը ծանոթացել են միմյանց դիրքորոշումներին

Դեկտեմբերի 5-ին Միլանում, ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, որին նախորդել էր Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների թվով երրորդ հանդիպումը ևս միտված էր առավել հանգամանալից ծանոթանալու խաղաղության գործընթացի վերաբերյալ միմյանց դիրքորոշումներին ու մոտեցումներին։

Այս առումով ծավալվել է մտքերի օգտակար փոխանակություն։Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովը հանդիպումից հետո հայտնել է, որ ընթացիկ ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները կշարունակվեն հունվարին։

Հայտնի է, որ բանակցությունները տևել են երեք ժամ: Մամեդյարովի խոսքով՝ դրանք կարևոր և օգտակար են եղել հակամարտող կողմերի դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից: «Համաձայնություն է ձեռք բերվել մոտ ապագայում շարունակել բանակցություններն այս ձևաչափով: Ամենայն հավանականությամբ դա տեղի կունենա հունվարին»,-ասել է Մամեդյարովը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ