11 08 2018

Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀԱՊԿ-ն, Նախիջևանը և Արցախը

Դավիթ Տոնոյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են ՀԱՊԿ-ն, Նախիջևանը և Արցախը

Oգոստոսի 11- ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում պաշտոնական հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Կողմերն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ ծրագրերին։ Անդրադառնալով Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում տիրող իրավիճակին, երկու երկրների պաշտպանության նախարարները կարևորել են փոխադարձ վստահության և համատեղ ռազմավարական դաշնակցային շահերի վրա հիմնված պայմանավորվածությունների հետևողական կյանքի կոչումը։

Պարոն Դավիթ Տոնոյանն իր գործընկերոջն է ներկայացրել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին, մասնավորապես՝ Նախիջևանյան ուղղությամբ տիրող իրավիճակը։ Իր հերթին հայկական կողմի խնդրանքով ՌԴ պաշտպանության նախարարը ներկայացրել է Սիրիայում տիրող օպերատիվ և հումանիտար իրավիճակը։

Պարոն Տոնոյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին տեղում համակողմանի մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու մտադրությունը։ Խոսելով ռազմատեխնիկական համագործակցության խնդիրների շուրջ, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները կարևորել են այս ոլորտում առկա ծրագրերի ժամանակին իրականացումը։ Հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարարն իր գործընկերոջը շնորհակալություն է հայտնել նաև Համաբանակային խաղերի փայլուն կազմակերպման համար եվ շնորհավորել ՌԴ ԶՈՒ թիմերի գերազանց ելույթների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՊՆ պատվիրակությունը մեկնել է Մոսկվա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ