25 07 2018

Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք. Նիկոլ Փաշինյան

Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը, մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք. Նիկոլ Փաշինյան

Պաշտպանության նախարարը շատ ճիշտ է արել, որ այդպիսի հայտարարություն է արել: Այս մասին հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատությունների 2017-2018թթ. ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ՝ պաշտպանության նախարարի աշխատանքն է այդպիսի հայտարարություններ ոչ միայն անելը, այլ այդ հայտարարությունների բովանդակությունը անհրաժեշտության դեպքում ապահովելը»,-հայտարարեց նա:

 Հիշեցնենք, որ օրերս «EaDaily»-ին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, թե Հայաստանը պատրաստ է պատերազմի: Ըստ նրա՝ Ադրբեջանի որևէ սադրանքի դեպքում չի լինի՝ ինչպես երկու տարի առաջ՝ ապրիլին, ու Երևանը կարող է և չդիմադրել իր ամբողջ ուժով հակահարված հասցնելու «գայթակղությանը»: Նախարար Տոնոյանն ասել է նաև, թե Ադրբեջանին թող չթվա, որ Հայաստանը խաղաղություն խնդրողի դերում է, իսկ ռազմական «նախաձեռնության» մենաշնորհը Բաքվինն է:

 Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա վարչապետը շեշտեց, որ հայկական կողմը կարևոր է համարում Արցախի ներգրավումը բանակցային ձևաչափում:

«Ես ասել եմ, որ կարող եմ բանակցել ՀՀ-ի անունից, ես չեմ կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, որովհետև Արցախի Հանրապետությունն ունի դրա համար ընտրված պաշտոնյաններ և կառույցներ: Ես ասել եմ նաև, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և նվիրված ենք հարցը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերին, այստեղ երկու կարծիք լինել չի կարող»,-ասաց վարչապետը:

 Հարցին, թե վերանայե՞լ է արդյոք հայկական կողմն իր ռազմավարությունը Ադրբեջանի հետ կապված և ի՞նչ նոր մոտեցումներ կան, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերանայման մասին չէ խոսքը:

«Մենք պետք է իրավիճակին համարժեք լինենք, սա է կարևոր մոտեցումը, և որևէ դիրքորոշում կարծրացած չէ, դիրքորոշումը, մանավանդ այս հարցում, պետք է լինի համարժեք: Մենք կարծում ենք, այո´, խաղաղ բանակցային ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է, և համարում ենք, որ դա հնարավոր է, բայց ասում ենք նաև, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ: Ցավոք, Ադրբեջանն իր գործողություներով և հռետորաբանությամբ հնարավորություն չի տալիս, խաթարում է խաղաղության մթնոլորտը և հնարավորությունը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: Եթե Ադրբեջանը կվերանայի իր մոտեցումը և կնպաստի խաղաղության մթնոլորտի հաստատմանը՝ մենք այդ իրավիճակին կլինենք համարժեք, եթե այլ ուղղությամբ կգնա՝ մենք այդ իրավիճակին էլ կլինենք համարժեք»,-ասաց նա:

 Հարցին, թե այս իրավիճակում պետք է ՀՀ ԶՈՒ-ն հարձակողական տրամաբանության մե՞ջ դիտարկել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.

«Մեր գործողությունները պետք է լինեն համարժեք, օպերատիվ իրավիճակից բխող, մեր երկրի ազգային անվտանգության շահերից և անհրաժեշտություններից բխող, խնդրում եմ, այլ ձևակերպում չտալ»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ